354

Չեմ ցանկանում մեղադրել այսօրվա սերնդին պարտության համար. այն ամենը, ինչ այսօր թշնամու ձեռքում է, մեզ համար կորսված չէ. Հովիկ Չարխչյան  

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը

- 44-օրյա պատերազմ, ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ, Արցախի կորուստ… փորձությունների այս շղթան, կարծես թե, դեռ չի ավարտվում: Որքան էլ խոսվում է «խաղաղության դարաշրջանի» և հարաբերությունների կարգավորման մասին, թշնամին չի հրաժարվում իր հավակնություններից: Ո՞րը պետք է լինի Հայաստանի իշխանությունների և ժողովրդի անելիքն այս իրավիճակում: 

- Ես դժվարանում եմ ասել, թե Հայաստանի իշխանություններն ինչ անելիքներ ունեն, որովհետև վերջին տարիներին չեմ տեսնում և չեմ ընկալում նրանց անելիքների տրամաբանությունը: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ինչպես պատերազմական իրավիճակներն են թելադրում, ցանկացած ուժի դեմ պետք է կանգնեցնել սեփական ուժը: Երկրորդ կարծիք լինել չի կարող: Սա պատերազմի տրամաբանությունն է, սա վտանգին հակազդելու տրամաբանությունն է: Երբ քեզ սպառնում են, քո տարածքների նկատմամբ հավակնություններ ունեն, ո՞րն է լինելու մեր պատասխան քայլը, մի՞թե նահանջը, տարածքներ հանձնելը, ձեռքերը վեր բարձրացնելն ու հանձնվելը: Դա մեր ժողովրդի տեսակը չէ, մեր ժողովրդի ապրելակերպը չէ, մեր ժողովրդի նկարագիրը չէ: Ես վստահ եմ՝ ինչ-որ մի պահի պետք է սթափվենք, բռունցքվենք, հասկանանք պատասխան քայլերի հետևողականությունը և հանդես գանք այնպես, ինչպես վայել է մեր ժողովրդին, ինչպես պատմության ընթացքում ամեն դժվարին պահի մենք հակազդել ենք մեր թշնամիներին:  

- Հայաստանի անկախությունից ի վեր մեր պետության անվտանգային համակարգը կառուցված էր այն մոտեցման վրա, որ պատերազմի պարագայում օգնության են գալու դաշնակիցները: Սակայն Հայաստանն իր պատերազմում մնաց միայնակ: Այս փաստն ընդունելով՝ ունա՞կ ենք արդյոք, սեփական ռեսուրսների վրա հենվելով, առաջ շարժվելու:   

- Նախ ասեմ, որ աշխարհում դաշնակիցներ ունենալու մեջ որևէ վատ բան չկա, աշխարհի հզորագույն երկրներն էլ դաշնակիցներ ունեն, իրենց գործողությունները համակարգված են անում: Այդպես ավելի հեշտ է և արդյունավետ, այնպես որ պետք չէ խուսափել դաշնակից եզրույթից: Չմտածենք, որ եթե ինչ-որ մեկը մեր դաշնակիցն է, մենք իր ենթական ենք, ընդհակառակը, կարելի է հավասարը հավասարի հետ կառուցել հարաբերություններ: 
Բայց այս ամենով հանդերձ, հատկապես հաշվի առնելով այն, թե վերջին տարիներին ինչպես աշխարհն արձագանքեց մեր ողբերգությանը, պետք է հասկանանք, որ առաջնահերթը մենք ինքներս ենք, մեր ներքին ռեսուրսները, մեր ներուժը, կարողությունները, և այդ ամենը պետք է կուտակել, օգտագործել արդյունավետ, հիմնավորապես հասկանալ, թե որտեղ ու որոնք են մեր խոցելի տեղերը, և ծանրության կենտրոնը տեղափոխել այդտեղ: Պետք է ճանաչենք ինքներս մեզ, և, իհարկե, սեփական ուժերի վրա հենվելն առաջնային պետք է լինի: 

- 90-ականների սկզբին մի ամբողջ լուսավոր սերունդ ոտքի կանգնեց` ազատագրելով Արցախը և կերտելով մեր պատմության փառավոր էջերից մեկը: Մնում էր պահպանել այդ հաղթանակը և ուժեղանալ: Սակայն եղավ այլ կերպ, և այսօր մարդկանց մեջ նկատվում են հիասթափություն, նահանջի տրամադրություններ, հարմարվողականություն կատարվածի նկատմամբ: Արդյո՞ք փակվել է այդ էջը: 

- Ես չէի ցանկանա ծայրահեղացված պատասխաններ տալ: Ամեն ժամանակ իր նկարագիրն ունի, մոտեցումներն ունի, ես չեմ ցանկանում մեղադրել այսօրվա սերնդին պարտության համար: Այո՛, մենք ունեցանք մեծ ու ցավալի նահանջ, բայց դա չի նշանակում, որ մենք վերջնականապես կոտրվել ենք: Ռազմի դաշտում երբեք չես իմանա, թե առավելությունն ում կողմը կթեքվի: Այն ամենը, ինչ այսօր թշնամու ձեռքում է, մեզ համար կորսված չէ: Մենք այն վերադարձնելու հնարավորություն ունենալու ենք: Գուցե ոչ այս սերունդը կամ հաջորդը, բայց կարևորը, որ մենք այդ նպատակը և մղումները պահպանենք մեր ներսում, չհրաժարվենք դրանից, իմանանք, որ դա մեր գերխնդիրներից մեկն է լինելու, որն անպայման պետք է իրագործենք: Մեզ համար չեն կարող լինել փակված էջեր, եթե դա վերաբերում է հայրենիքին, ազգային և հոգևոր արժեքներին, դրա փակվածը ո՞րն է: 

- Այդ ամենը, ըստ երևույթին, պետք է սկսվի կրթությունից: Սակայն կրթության ոլորտում էլ խնդիրները շատ են: 

- Բնականաբար, կրթված սերունդն առավել ուժեղ և առավել կարող է, քան անկիրթ հասարակությունը, սա միանշանակ: Երկրորդ՝ ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ հենասյուներ ունի, և այդ հենասյուներից ամենակարևորն ազգային արժեքներն են: Եթե մենք մերժում ենք այդ արժեքները, հրաժարվում ենք դրանցից, նշանակում է՝ մենք խարխլում ենք այն սյունը, որի վրա հենված ենք, ինքներս մեզ տանում ենք փլուզման: Եվ բոլոր այն մարդիկ, կառույցները, ուժերը, որ փորձում են մեր մեջ սերմանել ազգային արժեքների նկատմամբ այդ կարգի վերաբերմունք, նրանք պարզապես թշնամիներ են, այլ բնորոշում չկա: Եթե ինչ-որ մեկը նպաստում է սեփական երկրի և սեփական ժողովրդի փլուզմանը, ի՞նչ անուն պետք է տալ նրան: Մեր վերաբերմունքն այդ կարգի երևույթների նկատմամբ պետք է միանշանակ լինի: Այո՛, կրթության ոլորտում մենք իսկապես արմատական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Ես վերջին շրջանում շատ եմ լինում դպրոցներում, գնում եմ հանդիպումների ընթերցողների, աշակերտների, ուսուցիչների հետ և տեսնում եմ՝ ինչ աղետալի վիճակ է, տեսնում եմ, որ հատկապես նոր սերունդը բոլորովին այլ արժեհամակարգով է ապրում, դա շատ ցավալի է: Մենք օրը ցերեկով կորցնում ենք այն, ինչի համար մեր նախնիները դարերով են պայքարել: 

- Ո՞րը պետք է լինի յուրաքանչյուր հայի անելիքը: 

- Հզորանալ, հզորանալ և միմիայն հզորանալ: Հզորանալ բոլոր իմաստներով՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական, և՛ կրթության ու մշակույթի: Ուժեղի հետ են հաշվի նստում, այսօր աշխարհն այդպիսի տրամաբանությամբ է ապրում: Նայեք՝ մեր շուրջն ինչեր են կատարվում, ամենուր թելադրում է ուժը, մենք որքան էլ փորձենք բարոյական այլ արժեքներով շարժվել, միևնույն է, պետք է հաշվի նստենք իրողությունների հետ: Եղի՛ր ուժեղ, և բոլորը քեզ հետ հաշվի կնստեն: Եղի՛ր ուժեղ և կիրագործես բոլոր նպատակներդ: Այնպես որ, մեր ժողովուրդն այլ անելիք չունի, քան հզորանալը: 

 
 

Add new comment

From the author