5412

Բանակցային գործընթացը փակուղում է. մինչև տարեվերջ կստորագրվի՞ «խաղաղության պայմանագիր»

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Հարությունովը:

- Ադրբեջանը հրաժարվեց Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից: Մինչ այդ Ալիևը հրաժարվել էր նաև եվրոպական հարթակում Փաշինյանի հետ հանդիպելուց: Տեսնում ենք, որ Բաքվում փորձում են հայ-ադրբեջանական խնդիրը փակել տարածաշրջանում և խուսափել արևմտյան խաղացողների ներգրավումից: Սա ի՞նչ է նշանակում մեզ համար, և արդյո՞ք փակուղային չեն այս գործընթացները: 

- Այս պահին արդեն փակուղում է բանակցային գործընթացը, ինչպես տեսնում ենք՝ չկա գործընթաց: Որքանով հնարավոր կլինի այդ փակուղուց դուրս գալ, դժվար է ասել, սակայն պետք է նշեմ, որ այդ փակուղին նաև հայկական կողմի գործողությունների արդյունքում է առաջացել, որովհետև Երևանն էլ իր հերթին ռուսական հարթակներից է հրաժարվում: Այսինքն՝ երկու կողմն էլ իրականում փորձ են անում խնդրի քննարկումը տեղափոխել այն հարթակը, որն իրենց համար բարենպաստ են համարում, ու արդյունքում մենք ունենք այս իրավիճակը: 

Ակնհայտ է, որ Ադրբեջանն աշխատում է մասնակցել այն հանդիպումներին, որտեղ կարող է ինչ-որ կոնկրետ բան ստանալ: Եթե հիշեք, որ երբ եվրոպական հարթակում իրենք կոնկրետ ակնկալիքներ ունեին և ստանում էին իրենց ուզածը, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչում, ակտիվ մասնակցում էին: Հիմա ընկալումն այն է, որ արևմտյան հարթակից էլ ոչինչ չեն կարող ստանալ, հետևաբար եվրոպական և ամերիկյան դիրքորոշումը քննադատվում է և ընկալվում որպես պրոհայկական: Արդյունքում Բաքուն պարզապես դադարեցրել է այդ հարթակում իր մասնակցությունը: Այսինքն՝ Ադրբեջանի համար հարթակը կարևոր չէ, իրենց համար կարևորն արդյունքն է: 

- Այս  հապաղումը, ժամանակի ձգձգումը, ըստ Ձեզ, օգո՞ւտ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը փորձում է այս շրջանում կարգավորել բանակի սպառազինության խնդիրը:  

- Կարծում եմ, որ շտապել պետք չէ, հատկապես այն պայմաններում, երբ բանակցային գործընթացն ընթանում է մի իրավիճակում, երբ ուժերի հարաբերակցությունը Հայաստանի օգտին չէ: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, պետք չէ շատ ակնկալիքներ ունենալ Արևմուտքի աջակցությունից և սպառազինության գնումներից: Ընդհանրապես բանակաշինությունը երկարատև գործընթաց է, դրա համար տարիներ են պետք: Սպասել, որ կտրուկ փոփոխություն կլինի, ճիշտ չէ: Երկրորդ՝ պետք չէ ինչ-որ պատրանքներ ունենալ, որ ուժերի հավասարակշռությունը կտրուկ կփոխվի, որովհետև Ադրբեջանն իր ներկայիս սպառազինության մակարդակին հասել է 10-15 տարվա ընթացքում, այսինքն՝ 2000-ի վերջերից նրանք սկսեցին զենքի ակտիվ գնումներն Իսրայելից, Ռուսաստանից և այլ պետություններից՝ ներկայիս մակարդակին հասնելով տարիների ընթացքում: 

Ինչ վերաբերում է Արևմուտքի քաղաքական աջակցությանը, այստեղ ևս շատ բարդ է ամեն ինչ: Մի կողմից, այո՛, դա դրական է, բայց մենք տեսնում ենք, որ այդ աջակցությունը բանակցային գործընթացում չի վերածվում իրական արդյունքի՝ հօգուտ Հայաստանի, որովհետև, ինչպես տեսնում ենք, Բաքուն ուղղակիորեն կանգնեցնում է այդ գործընթացը, և Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում արևմտյան աջակցությունը կապիտալիզացնել: Արևմուտքի  աջակցությունը չի կարողանում երաշխավորել, որ Ադրբեջանն ուժ չգործադրի: Մենք տեսնում ենք, որ ոչ 2022 թվականի սեպտեմբերին դա խանգարեց իրենց, ոչ այս տարվա սեպտեմբերին, արդեն Արցախի դեպքում: Եթե հիշեք, ԱՄՆ-ն էլի կոշտ հայտարարություններ էր անում, որ չի հանդուրժի ուժի գործադրումը Ղարաբաղում, բայց տեսանք, որ Ադրբեջանն արեց այն, ինչ ծրագրել էր: 

Միաժամանակ, կան ռիսկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում, որովհետև Հայաստանը ստանում է այդ աջակցությունն Արևմուտքից զգալի առումով ի հաշիվ նրա, որ վատացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այսինքն, դա աջակցության վճարն է, ու այստեղ խնդիրն այն է, որ մենք, վնասելով ՌԴ-ի հետ հարաբերությունները, Ռուսաստանին մղում ենք դեպի Ադրբեջան, մինչդեռ այնտեղ մանևրելու տեղ կա, մյուս կողմից էլ՝ շատ լուրջ ռիսկեր կան՝ կապված Հայաստանի տնտեսության հետ: Դեռևս ռուսական կողմն այդ լծակը չի գործադրել, բայց իրենք կարող են ամեն պահի դա իրականացնել, իսկ Արևմուտքն իրական մեխանիզմներ չի առաջակում, որոնք կարող են հավասարակշռել այդ վնասը:  

- Մենք խոսեցինք այն մասին, որ ներկայումս Հայաստանը ձգտում է արևմտյան հարթակների, Ադրբեջանը՝ ռուսական: Մյուս կողմից՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները չափազանց սրված են: Այդ ամենը որքանո՞ վ է ազդում բանակցային գործընթացի վրա, և ըստ Ձեզ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրը կձգվի՞ այնքան, մինչև Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտությունում կողմերից մեկն ունենա որոշակի հաջողություններ, կամ, ընդհանրապես, մարի այդ կոնֆլիկտը: 

- Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, որովհետև գլոբալ անկայունության պայմաններում դա ճիշտ չէ: Սակայն բանակցությունների վրա, իհարկե, ազդում է և բացասական է ազդում: Պատմականորեն Արցախյան հակամարտությունը եղել է այն քչերից, որի լուծման գործում այդ հակասությունները դեր չեն խաղացել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ բանակցային գործընթացի կաթվածը պայմանավորված է նաև այդ հակամարտությամբ: Ինչպես արդեն ասացի, Հայաստանը վատացրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ հույս ունենալով ստանալ Արևմուտքի աջակցությունը, արդյունքում չի մասնակցում ռուսական բանակցային հարթակներում ընթացող գործընթացներին: Ադրբեջանն էլ իր կողմից իր խաղն է խաղում: Բայց այստեղ ես ավելի լուրջ ռիսկեր եմ տեսնում, որ դուրս են գալիս բանակցային գործընթացից; Այսպես ասեմ, ես չեմ կարծում, որ Հայաստանն ունի ամրության այն ռեսուրսը, որ հարթակ դառնա այդ հակամարտության համար: Դա շատ ռիսկային է: Դեռևս Հայաստանը փորձում է ինչ-որ ձև օգուտներ քաղել այդ հակասություններից, սակայն ռիսկերը շատ մեծ են: Եթե նայենք Ուկրաինայի կամ Վրաստանի փորձը, լուրջ մտահոգություններ են առաջանում: 

- Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ մինչև տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մասին: Սակայն, ինչպես արդեն նշեցիք, բանակցային գործընթացը փակուղում է: Այդ դեպքում ինչո՞ ւ է նշվում կոնկրետ ժամկետը, ո՞ ւմ է դա պետք, և արդյոք կա՞  հնարավորություն մինչև տարեվերջ ստորագրելու այդ պայմանագիրը: 

- Այստեղ կարևոր է այն, թե այդ փաստաթուղթն իրենից ինչ կներկայացնի: Եթե ճիշտ է այն տեղեկությունը, որ խոսքը պարզապես շրջանակային փաստաթղթի մասին է, տեսականորեն կարելի է ենթադրել, որ կստորագրվի, սակայն քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, նվազ հավանական է: Տպավորություն կա, որ հնչող հայտարարություններն ավելի տեսական բնույթ են կրում, այսինքն՝ ոչ թե ասում են, որ կստորագրեն, այլ որ հնարավորություն կա: 

Հաջորդ տարի ԱՄՆ-ում ընտրություններ են, բացի դրանից՝ Ադրբեջանն էլ այս փուլը, որ կապված էր ուկրաինական հակամարտության և դրանում Ռուսաստանի զբաղվածության հետ, իր համար որպես պատուհան օգտագործեց, սակայն հնարավոր է, որ հաջորդ տարի Ռուսաստանն ակտիվ լինի տարածաշրջանում, դա էլ բացառել չի կարելի: Այլ հարց է, թե դա ում օգտին կլինի՝ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի, սակայն այն իրավիճակը, որ Ռուսաստանը հիմա պարզապես դիտորդ է տարածաշրջանում, կարող է փոխվել՝ կախված հակամարտության ընթացքից ու հնարավոր զարգացումներից: 

Շատ հանգամանքներ կան, հետևաբար դժվար է ասել՝ կստորագրվի՞ այդ փաստաթուղթը, թե՞ ոչ: 


 

Add new comment

From the author