7854

Շուտով Արևմուտքը և Ռուսաստանը պայքարելու են, թե ով է ապահովելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

- Ադրբեջանը հրաժարվեց Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից: Մինչ այդ Ալիևը հրաժարվել էր նաև եվրոպական հարթակում Փաշինյանի հետ հանդիպելուց: Տեսնում ենք, որ Բաքվում փորձում են հայ-ադրբեջանական խնդիրը փակել տարածաշրջանում և խուսափել արևմտյան խաղացողների ներգրավումից: Ի՞նչ գործընթաց  է սա և ինչի՞ կարող է հանգեցնել:  

- Հանդիպումները տեղի չեն ունենում բացառապես ադրբեջանական կողմի մերժման հետևանքով, որովհետև, ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանը փորձեց նվազագույն դիմադրության հասնել Լեռնային Ղարբաղում իր գործողությունները ձեռնարկելու նախօրեին և հասավ նրան, որ Արցախում այլևս հայ չմնաց: Այդ քաղաքականությունից հետո, երևի, Արևմուտքը հույս ուներ, որ Ադրբեջանը գնալու և դրա դիմաց թուղթ է ստորագրելու «խաղաղության պայմանագրի» տեսքով՝ ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչի մասին նաև Հայաստանի իշխանություններն էին խոսում: Բայց Ադրբեջանը մտադրություն չունի Հայաստանի հետ որևէ պայմանագրի կնքման, քանի որ շատ ավելի հեռուն գնացող ծավալապաշտական նպատակներ ունի, ուստի Ադրբեջանը սկսեց մերժել «խաղաղության պայմանագիրը», դրա վերաբերյալ քննարկումները և արևմտյան ձևաչափերը՝ սրելով հարաբերություններն Արևմուտքի հետ:

- Տեսնում ենք, որ այսօր Բաքուն նույնիսկ մատ է թափ տալիս Միացյալ Նահանգների վրա: Ըստ Ձեզ՝ Ալիևը հերթական անգամ կմարսի՞ դա, թե՞, այնուամենայնիվ, հնարավոր է ինչ-որ կերպ պատժվի:

- Ադրբեջանն իրեն այդպիսի բաներ է թույլ տալիս, որովհետև նախկինում բազմաթիվ բաներ է մարսել, որոնք, ըստ էության, հակասում են արևմտյան տրամաբանությանն ու արժեքներին: Ադրբեջանը մարսեց, օրինակ, 2020 թվականի պատերազմը, դրանից հետո իր ագրեսիվ քայլերը, հետո Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը, որի հետ կապված հստակ քաղաքական գնահատականների կարիք կա: Ադրբեջանն այսօր իրեն թույլ է տալիս ժողովրդավարական երկրների հետ խոսել նման տոնով ու մարսել դա, և ամեն ինչ հասել է նրան, որ Ադրբեջանը մեղադրում է Միացյալ Նահանգներին նրանում, թե վերջինս է մեղավոր, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել: Այսինքն՝ Ալիևի վարչակարգն այսօր անցնում է բոլոր սահմանները, որովհետև մինչև հիմա նրանք մարսել են ամեն ինչ՝ արհամարհանքը Արևմուտքի կոչերի նկատմամբ, արհամարհանքը միջազգային դատարանների որոշումների հանդեպ, նրանք մնացել են անպատիժ, երբ Արցախում էթնիկ զտում են իրականացրել: Դրա համար նրանց թվում է, թե կարող են ավելի հեռուն գնալ և այդ տոնով խոսել, օրինակ, ԱՄՆ-ի կամ այլ պետությունների հետ:  
Միացյալ Նահանգները և Արևմուտքն այսօր քաղում են իրենց երբեմն լռության, երբեմն ոչ պատշաճ գնահատականների, երբեմն էլ՝ ուղղակի հստակ քայլերի ու գործողությունների բացակայության պտուղները:  

- Անկլավներ, Սյունիքում միջանցք, նորանոր տարածքային պահանջներ… Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները: Ըստ Ձեզ՝ թշնամի պետության այդ պահանջները ևս կարո՞ղ են իրականություն դառնալ, եթե չլինի համարժեք հակազդեցություն:

- Ադրբեջանը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, քան, ասենք, անկլավներն ու Սյունիքով միջանցքն է, և դրա մասին փաստում է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կոնցեպտը, որի հետ կապված ակտիվ քարոզչություն են ծավալում: 
Գրանադայում Նիկոլ Փաշինյանն այդ տարածքները ճանաչել է Ադրբեջանի մաս՝ վտանգելով մեր գլխավոր մայրուղիներն այդ հայտարարությամբ, ճիշտ է, ինքն ասում է, որ դրա դիմաց էլ Ալիևն է Արծվաշենը Հայաստանի մաս  ճանաչել, բայց դրա վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն մենք չենք տեսել, և, կարծում եմ, ոչ էլ կտեսնենք: Ուստի ըստ Ադրբեջանի տրամաբանության՝ բոլոր պայմանավորվածությունները միակողմանի պետք է աշխատեն: Ըստ Ալիևի՝ եթե Փաշինյանը ճանաչել է այդ տարածքները, հետևաբար պետք է դրանք ազատի: Միակողմանի է այդ ամենը:

- Տեսնո՞ւմ եք ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու հնարավորություն:  

- Միանշանակ տեսնում եմ, որովհետև շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Շուտով Արևմուտքը և Ռուսաստանը տարբեր ձևերով պայքարելու են, թե ով է ապահովելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որովհետև իրականում երկուսն էլ, թույլ տալով Ադրբեջանին հասնել այս աստիճանի, լուրջ լծակներ են կորցրել Հարավային Կովկասում: Իհարկե, Ռուսաստանի վերահսկողությամբ Արցախի հայերի վերադարձը փոքր-ինչ անհավանական եմ համարում, որովհետև հենց Ռուսաստանն էր այնտեղ կանգնած, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին: Արևմուտքի մասով էլ նշեմ, որ եթե նրանք կարողանան հասնել ավելի խառը՝ միջնորդական ու խաղաղապահական ներկայության Լեռնային Ղարաբաղում, ապա հնարավոր է, որ երաշխիքների դեպքում կարողանան ապահովել հայերի վերադարձը, բայց դրան ընդդիմանում է հենց Ադրբեջանը: Ու նաև դա է պատճառը, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է դուրս մղել Արևմուտքին այդ գործընթացից, որովհետև ինքը թուղթ չի ստորագրելու Արևմուտքում, նաև չի ուզում թույլ տալ Արցախի հայերի վերադարձը, իսկ այդ գործընթացի իրագործման համար պետք է դուրս մղել Արևմուտքին: 

Ուստի հնարավորությունները շատ են, բայց քանի որ չկան կոմպետենտ իշխանություն և պրոֆեսիոնալ թիմ, էլ չեմ խոսում պետականամետության իսպառ բացակայության մասին, ապա այս հնարավորությունները կորսվելու են ցավալիորեն:  

- Արցախի հարցը, հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը, ըստ էության, կախված են նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումներից: Որքանո՞վ են ներկա զարգացումները բարենպաստ կամ ոչ բարենպաստ մեզ համար: 

- Եթե մենք ոչինչ չենք անում, որևէ կերպ չենք պատրաստվում, որևէ տեսլական չունենք, ապա, կոպիտ ասած, որքան էլ աստղերը մեր օգտին լինեն, ապա մենք ոչնչից օգտվել չենք կարող: Մեր գերխնդիրը դա է, որովհետև բոլոր պետությունների համար էլ ինչ-որ պահի բացվում է հնարավորությունների պատուհան, քանի որ տարբեր երկրների շահեր համադրվում կամ հակադրվում են, և այդ հնարավորությունների մեջ արդեն կարելի է հարցեր լուծել, բայց երբ դու դրան չես պատրաստվում որևէ ձև, այդ լուծումները չես կարող ունենալ: Դա է մեր խնդիրը: Հետևաբար պետք է այնպիսի իշխանություն, որ կկարողանա, այս ամենը հաշվի առնելով, գտնել այնպիսի լուծումներ, որ մեր երկրի համար բարենպաստ կլինեն: 

 

Add new comment

From the author