55

Ադրբեջանում հաղթանակը մարսելու գործընթացը դժվար է ընթանում. ինչո՞ւ Ալիևը զիջման գնաց

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը:

- Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ գերիների, Հայաստանն էլ՝ 2 ադրբեջանցի գերու: Դրանից հետո երկու կողմերից էլ հնչեցին հայտարարություններ, որ մոտ են «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:  

- Դա ակնհայտորեն Միացյալ Նահանգների միջնորդությունն է: Ադրբեջանում այս  պահի դրությամբ որոշակի խնդիրներ կան: Հետպատերազմյան ժամանակահատվածում Ալիևը նոր խնդիրների առաջ էր կանգնել, շատ լուրջ ճնշումներ էր գործադրում լրագրողների և տարբեր գործիչների նկատմամբ՝ մոտ 400 լրագրող, մոտ 200 քաղբանտարկյալ և այլն:

Մյուս կողմից էլ ամերիկյան այս ծրագրին ընդդիմություն կար՝ ռուսների հետ կապված, սակայն որոշակի ճնշում գործադրեցին, Ալիևը զիջման գնաց, բայց ընտրական գործընթացի տրամաբանության մեջ, որ այլ զիջումներ չանի: Կարծում եմ՝ որոշակի գործողություններ են անում՝ ուժեղացնելով Ալիևի դիրքերն այնտեղ, իսկ Փաշինյանի դիրքերը՝ այստեղ, որպեսզի պայմանագիրը կարողանան օրինականության մեծ պաշարով ստորագրեն:

- Այսինքն՝ Ալիևի կողմից արտահերթ ընտրությունների կազմակերպումը ևս այս գործընթացի մա՞ս է:

- Խոշոր հաշվով՝ այո՛, դա ևս պայմանագրի հետ է կապված: Ադրբեջանում և Հայաստանում էլ թերևս, եթե ընտրությւոնները տեղի ունենային ավելի ուշ ժամկետում, Ադրբեջանում՝ 2025 թվականին, ինչպես նախատեսված էր, և Հայաստանում՝ 2026 թվականին, կարծում եմ, որ գործող իշխանությունները գուցե չունենային օրինականության որոշակի պաշար, որ այդ փաստաթուղթը ստորագրեին:

Ընդդիմությունն այժմ Ադրբեջանում ջլատված վիճակում է, տնտեսության վիճակը բավական բարդ է, Արցախի գրավյալ տարածքների հարցն էլ դեռ չմարսված, կամ, այսպես ասենք, հաղթանակը մարսելու գործընթացն էլ բավական դժվար է ընթանում: Արցախը կուլ տալն այդքան էլ հեշտ չէ: Արցախում իրենց ծրագրերի համար ներդրումներ չեն կարողանում ներգրավել, ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով են անում և շատ փոքր ծավալներով:

Մյուս կողմից՝ հաջորդ տարվա գարնանը Ռուսաստանում էլ են ընտրություններ նախատեսվում, և ըստ այդմ՝ Ադրբեջանում փորձում են մինչ այդ ավարտել իրենց երկրում ընտրական գործընթացը: Պարզ ասեմ, այս ամբողջ գործընթացը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, բայց այդ կարգավորումն էլ ամերիկա-չինական առևտրատնտեսական պատերազմի տրամաբանության մեջ է:

- ԱՄՆ-ի հետ Բաքվի հարաբերությունները վերջին ամիսներին բավական լարված էին, ինչը նկատելի էր նաև Ալիևի հռետորաբանության մեջ: Արդյո՞ք այդ խնդիրները հարթվել են, և ի՞նչ սպասել ապագայում:  

- Վերջերս Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան նշանակեցին, և եթե ուշադիր եք եղել, լսել եք նրա առաջին ելույթը, նկատած կլինեք, որ նա ազատ ադրբեջաներեն է խոսում: Ըստ իս՝ այդ նշանակումը հենց այնպես չի եղել: Միանշանակ նպատակ է դրված Ադրբեջանը ռուսների ազդեցությունից պոկելու, սակայն այստեղ էլ խնդիր կա: Փաշինյանը հայտարարում է, որ մենք հնարավորինս ձգտելու ենք մոտ լինել Եվրոպական միությանը, որքանով ԵՄ-ն կցանկանա, Ալիևն այդ նույն ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում Եվրամիության անդամության հարց չկա, և շարունակելու են մնալ որպես անկախ քաղաքականություն ունեցող միավոր: Պարզ ասած՝ տեղական իշխանական խմբերը կամ կլանները իրենց իշխանության հարցն են լուծում, այդ ընթացքում աշխարհաքաղաքական ուժերի դիրքորոշումները հաշվի առնելով են այդ խնդիրները կարգավորում, որովհետև ինչքան էլ տեղական վերնախավն իսկապես մենաշնորհային կարգավիճակով տիրապետում է իշխանական ռեսուրսին, եթե աշխարհաքաղաքական բևեռներից մեկում տեղի ունենա այն կարգի փոփոխություն, որ որոշեն տվյալ կլանը հեռացնել իշխանությունից, հավատացեք, դա կարող են անել: Այս տրամաբանության մեջ են վերջին զարգացումները:

Մեզ մոտ էլ կլինեն ընտրություններ, գրեթե համոզված եմ, որ հաջորդ տարվա կտրվածքով կնախաձեռնվի սահմանադրական փոփոխությունների գործընթաց:

- ԱԽ քարտուղարն օրերս հայտարարեց, թե 70 տոկոսով համաձայնեցված է «խաղաղության պայմանագիրը», երեկ էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր նշել, թե իր տեղեկություններով՝ այդ փաստաթուղթը գրեթե պատրաստ է: Ըստ Ձեզ՝ մինչ տարեվերջ կստորագրվի՞ «խաղաղության պայմանագիր»:

- Միանշանակ, պայմանագիր չի ստորագրվի այս 20 օրվա ընթացքում: Սերժ Սարգսյանի ժամանակ էլ Արցախյան հարցի հետ կապված բանակցություններում 99 տոկոսով համաձայնեցված էր փաստաթուղթը, մի կետով չէր համաձայնեցված: Բայց տեսանք, թե ինչ եղավ: Հիմա հայտարարում են, թե 70 տոկոսով է համաձայնեցվածԱլիևն էլ ասում է՝ իր ներկայացրած 5 պահանջների իրագործմանը Հայաստանը մոտ է: Կարծում եմ՝ նախաստորագրման մասին կլինի խոսքը, «խաղաղության պայմանագրի» ստորագրման գործընթացն առանց օրինականության այս վերաթարմացման տեղի չի ունենա, ընդ որում՝ տարածաշրջանում եթե աշխարհաքաղաքական ուժերը համաձայնության չգան, կողմերից մեկը պետք է հեռանա: Ռուս-ամերիկյան համաձայնության շրջանակում քիչ հավանական եմ համարում պայմանագրի ստորագրումը, ամենայն հավանականությամբ կողմերից մեկի փաստաթղթի հիմքով կլինի, իսկ դա նշանակում է, որ մյուս կողմն ուղղակիորեն տարածաշրջանում իր դերակատարությունը կտրուկ կնվազեցնի: Այս պահի դրությամբ դա ռուսներն են, բայց այնպես չի, որ նրանք հանգիստ դուրս կգան այս ամեն ինչից:

Ըստ ամենայնի, հիմա նախաստորագրման մասին է խոսքը, և ես վստահ եմ, որ մինչ տարեվերջ դա տեղի չի ունենա, առավելագույնը կարող են հռչակագիր ստորագրել մտադրությունների մասին: Ըստ էության, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը գերիների փոխանակման հետ կապված այս հայտարարությունը տարածեցին, որի հուշագրային մասը «խաղաղության պայմանագիր» ստորագրելու կամքի ամրագրումն էր ընդամենը, դրանից ավելի չեն անցնի, պատրաստ չենք ո՛չ մենք, ո՛չ նրանք:

Ինչպես ասացի, այդ փաստաթղթի գոյության փաստը կօգտագործեն երկու երկրների իշխանական վերնախավերը՝ ընտրություններում հաղթելու համար, բայց նույնը չի լինի արդեն իսկ ստորագրված փաստաթղթի դեպքում: Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ, համոզված եղեք, դժգոհություն այդ փաստաթղթի կապակցությամբ միանշանակ լինելու է: Դրա համար, կարծում եմ, իշխանություններն ընտրական գործընթացի մեջ կմտնեն հայտարարություններով և նախաստորագրությամբ, որ մոտ են ստորագրմանը:

 

Add new comment

From the author