97

Շատ արագ գործընթացներ են սպասվում. «խաղաղության պայմանագիրը» կարող է ստորագրվել առաջիկա ամիսներին 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Հարությունովը:

- Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ գերիների փոխանակումը: Գործընթացների տրամաբանությունը վերլուծելով՝ ի՞նչ կարող ենք ասել, արդյոք սա երկկողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությո՞ւն էր, թե՞, ասենք, արտաքին ճնշում Բաքվի վրա: 

- Սա իհարկե մասն է այն գործընթացի, որ կողմերը բավականին ակտիվ շարժվում են դեպի պայմանագրի ստորագրում, դեռևս տպավորությունն այդպիսին է: Իհարկե, պայմանագրի ստորագրման հարցում դեռ հակասություններ կան, չի կարելի բացառել, որ վերջին պահին կարող են ինչ-որ խնդիրներ լինել, բայց այս պահին տեսնում ենք գործընթացի ակտիվացում: Այն, որ Հայաստանն աջակցեց Ադրբեջանին Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակում, դա էլ է վկայում իմ նշած ակտիվացման մասին: 

- Գործընթացի ակտիվացումը նկատելի դարձավ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ΄Բրայենի ՝ Բաքու այցից հետո: Ըստ Ձեզ՝ այստեղ կա նաև ԱՄՆ-ի՞ միջամտությունը: 

- Ես կարծում եմ՝ սա ավելի շուտ երկկողմ հանդիպման արդյունքն է: Մենք նույնիսկ չգիտենք, թե գերիների փոխանակման վերաբերյալ քննարկումները որ շրջանակում են տեղի ունեցել: Տեսնում ենք, որ եղավ մի հանդիպում սահմանին, որը տեսականորեն նվիրված էր սահմանազատման խնդիրներին, ու հետո եղավ հայտարարությունը, որը երկրների ղեկավարների աշխատակազմերի մակարդակով էր և ոչ թե փոխվարչապետների: Չի կարելի բացառել, որ եղել են ուղիղ շփումներ, որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ, դա հնարավոր տարբերակ է:
Կարծում եմ՝ այստեղ համընկել է մի քանի բան: Մի կողմից՝ Ադրբեջանը խնդիր ուներ Հայաստանին պարտադրել երկկողմ բանակցություններ, ինչը, տեսնում ենք, փաստացի հաջողվեց, մյուս կողմից՝ շարունակում է մնալ արևմտյան հարթակների խնդիրը: Այդ հարթակներում բավականին մեծ աշխատանք է տարվել, այսինքն՝ նույն վաշինգտոնյան հարթակը կատարում է արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու աշխատանքներ: Ու թեև Ադրբեջանն ի սկզբանե ասում էր, որ սկզբունքայնորեն չի հրաժարվում արևմտյան հարթակներից, սակայն ձգտում էր հասնել երկկողմ բանակցությունների: 

Տեսանք նաև, որ տեղի ունեցավ բարելավում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում, որովհետև մինչ այդ փոխադարձ այցելություններ չկային, ամենը սառեցված էր, հետո Ադրբեջանը համաձայնվեց, որ Օ΄Բրայենը գա, ԱՄՆ-ն էլ համաձայնություն տվեց ադրբեջանցի պաշտոնյաների այցերին, ինչից հետո այդ խնդիրները լուծվեցին: Արդյունքում Ադրբեջանը հանեց նաև իր առարկությունները Վաշինգտոնում հանդիպման վերաբերյալ: Ես կարծում եմ՝ միաժամանակ այս երկու ուղղության վրա էր գործընթացը տեղի ունենում: Ըստ այդմ՝ մենք կարող ենք կանխատեսել, որ մոտակա ամիսների՝ նույնիսկ մոտակա 1-1.5 ամսվա ընթացքում շատ արագ գործընթացներ կլինեն, որոնք, հնարավոր է, պայմանագրի ստորագրումով ավարտվեն: 

- Ալիևը գնում է արտահերթ ընտրությունների: Դա որքանո՞վ է փոխկապակցված այս գործընթացների հետ: 

- Այդ ընտրությունների հետ կապված տարբեր վարկածներ կան, բայց հիմնականն այն է, որ այս պահին Ալիևն իրեն շատ ամուր է զգում, իսկ ընդդիմությունն էլ պատրաստ չէ ընտրությունների, դրա համար է Ալիևը ցանկանում հնարավորինս շուտ անցկացնել ընտրությունները: 
Հիմնական տրամաբանությունն այն է, որ Ալիևի ռեժիմը վերլուծում և տեսնում է, որ այս պահին ամենանպաստավոր հիմքերն ունի ընտրությունների անցկացման համար: 

- Այսօր ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց Երասխում նախատեսվող գործարանը կառուցել Արարատ գյուղում, ինչը, ըստ որոշ փորձագետների, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ճնշումներով հասավ իր ուզածին: Կա նաև կարծիք, որ իշխանությունն այդ հատվածում տարածքային զիջումների է պատրաստվում գնալ: Ի՞նչ կասեք: 

- Կոնկրետ այդ հատվածում ինչ կլինի, չեմ կարող ասել, որովհետև պարզ չէ՝ սահմանային խնդիրն ինչպես է լուծվելու: Սակայն սահմանային հարցերը, ըստ էության, պետք է լուծվեն «խաղաղության» պայմանագրի ստորագրումից հետո, որովհետև կողմերն այն տրամաբանությամբ են ղեկավարվում, որ դժվար հարցերը թողնում են ապագայի: Այսինքն՝ հիմա ինչ-որ դեկլարատիվ թուղթ կստորագրեն, որ հետո այդ հարցերում էլ պայմանավորվեն: 

Բայց ես նույնիսկ վստահ չեմ, որ Երասխի այդ պահանջը կապ ունի «խաղաղության» պայմանագրի հետ: Այստեղ, ըստ իս, ավելի մտահոգիչ բան կա, դա այն է, որ Ադրբեջանն ունի մի շարք պահանջներ, մասնավորապես նա ձգտում է միջամտել Հայաստանի ներքին կյանքին, ու Երասխի հարցն ընդամենը մի դրվագն է: Այտեղ կա Կապանի օդանավակայանի խնդիրը, ինչպես գիտեք, կա Հայաստանի կողմից զենք գնելու խնդիրը, որի առնչությամբ Ադրբեջանը բացահայտ ասում է, որ կարող է ուժ գործադրել: Եվ ամենամտահոգիչը՝ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ թե ուզում է կոնֆլիկտը կարգավորել ու խաղաղություն հաստատել, այլ ձգտում է գերիշխել: Այսինքն՝ խնդիր է դրվում, որ Հայաստանի նշանակությունն ինչ-որ ձև սահմանափակվի, ու նրանք ունենան լծակներ նաև ներքին կյանքում: Այս ամենը վկայում է, որ երկրների միջև խնդիրները չեն ավարտվի պայմանագրի ստորագրումով: 
 
 

Add new comment

From the author