յֆհ

Հայաստանը մեր ճակատագրի մի փոքր հատվածն է ընդամենը. «Հայոց պատմություն» եզրույթը ներառում է և' պետության, և' ազգի պատմությունը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ինչպես արդեն հայտնի է, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Նշված նախագծին հետևյալ հիմնավորումն է տրվել. «Տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն: Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն»:

Կառավարության այս առաջարկը, սակայն, մեծ աղմուկ է բարձրացրել: Դրա ընդդիմախոսները նկատում են, որ «Հայոց պատմություն» եզրույթն ընդգրկում է և՛ հայերի՝ որպես ազգի, և՛ Հայաստանի՝ որպես պետության պատմությունը` նշելով, որ այս նախագիծը իշխանությունների հերթական քմահաճույքն է՝ ուղղված ազգային կրթության և հատկապես «Հայոց պատմության» դեմ:

«Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» եզրույթների ստուգաբանությունը և դրանց տարբերությունները «Դետք»-ի հետ զրույցում ներկայացրեց հասարակական-քաղաքական գործիչ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը: 

«Եթե մենք խոսում ենք լեզվաբանական, ծագումնաբանական տեսանկյունից, ապա «հայոց» բառը «Հայք» բառի սեռական հոլովն է: Հայքը տեղանուն է, սակայն այնպիսի հնագույն տեղանուն, որն արտահայտում է նաև ժողովրդի անունը, այսինքն` հին շրջանում մենք կիրառում էինք տեղանուն-ժողովրդանուններ` ինչպես Հայք, Պարսք, Վիրք և այլն, և դրանց սեռական հոլովները նշանակում էին և' տեղանունը, և' այդ ժողովրդի անունը: Հայք տեղանվան ստուգաբանությունն էլ խիստ հնագույն է: 

Եթե գալիս ենք նոր ժամանակներ և խոսում ենք պատմություն առարկայի մասին, պետք է հասկանալ, որ Հայաստանի պատմությունը էապես տարբերվում է «Հայոց պատմություն» իրողությունից: Եթե հիշեմ իմ դպրոցական տարիները, Խորհրդային հակաազգային, կոսմոպոլիտիկ ընդհանրությամբ գնացող ժամանակաշրջանում անգամ մեր պատմությունը չի կոչվել Հայաստանի պատմություն, այլ` հայ ժողովրդի պատմություն: Հայ ժողովուրդը, պատմական ճակատագրի բերումով, իր աշխարհագրական բնօրրանի էական հատվածները կորցրել է, և երբ դու ասում ես հայոց պատմություն, ի նկատի ունես նաև կորսված շրջանների պատմությունը, այսինքն` հնագույն 4000-ամյա պատմությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը` որպես եզրույթ, ունի հասկացական անորոշ դաշտ, որովհետև հիմա Հայաստան ասելով` մենք ի՞նչ նկատի ունենք` Առաջին հանրապետությո՞ւնը, Խորհրդային հանրապետությո՞ւնը, թե՞ Երրորդ Հանրապետությունը:

«Հիմա տարածված ուղղություն է դարձել ճշտել, թե տարածքային ամբողջականությունն ինչպիսին է, բայց գիտե՞ք, մարդու տարածքային ամբողջականության ընկալումը գալիս է ուղեղի ծավալից, երբ այդ ծավալը փոքր է, իր ընկալած տարածքներն էլ չափազանց փոքր են: Ասենք, թուրքերը երբեք չեն տառապում տարածքային ամբողջականության հարցով, և իրենք գիտեն, որտեղ ձեռքները վրան դրեցին, իրենց տարածքն է: 

Ինչպես ասացի, հայոց պատմությունը դա նաև սփյուռքի պատմություն է, այն բոլոր թագավորությունների պատմությունն է, որ կերտել են հայերը: Իսկ հիմա նեղացնել այդ եզրույթը և ասել Հայաստանի պատմություն, ճիշտ չէ: Հայաստանը մեր ճակատագրի մի փոքր հատվածն է ընդամենը»,- նշեց Դիլբարյանը:  

Այս խնդրին անդրադարձել է նաև պատմաբան Արմեն Այվազյանը` նշելով. «Մեր պատմիչները, սկսած ոսկեդարից, անվանել են իրենց երկերը «Հայոց պատմություն», ինչը նշանակում է Հայաստանի և հայերի պատմություն: Այսինքն` «հայոց» եզրույթը ավելի համապարփակ է, քան Հայաստանինը, քանի որ ներառում է նաև Հայաստանի իմաստը: Հիմա նրանք ուզում են «նեղացնել» Հայաստանի իմաստը, բերել ու կամաց-կամաց մտցնել 29.800կմ/ք-ու մեջ, որը նույնիսկ մենք, գուցե, չկարողանանք պահել, եթե իշխանությունն այս նույն կերպ շարունակի գործունեությունը: Սա է նպատակը, որպեսզի ասեն Հայաստանի, հետո էլ ասեն Հայաստանը սա է, այս 29.800 կմ/ք, մնացածն էլ Հայաստան չէ»: 

«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու խնդրին է անդրադարձել նաև պատմաբան Հայկ Դեմոյանը` մտահոգություն հայտնելով, որ տվյալ հայտարարությամբ ապագայի պատկերացումները սահմանափակվելու են 29.8 հազար քառակուսի կիլոմետրի մեջ. «Դա նշանակում է՝ մեր ապագայի բոլոր պատկերացումները, նպատակներն ու քաղաքականությունը պարփակվելու են իր (Նիկոլ Փաշինյանի - խմբ.) սիրած 29 հազար 800 քառակուսու մեջ: Եվ այնքան ապաշնորհ է իրենց մոտեցումը, որն էլ գալիս է իրենց սահմանափակ ինտելեկտուալ կարողություններից և գիտելիքներից: Շատ արագ կարելի է կռահել, որ «Հայաստանի պատմություն» ասելով՝ իրենք ամենը ամփոփելու են այս սահմանների մեջ: Ինչպե՞ս կարելի է ասել, որ Արևմտյան Հայաստան կա. չի կարելի, կնեղացնենք, չէ՞ որ հանձնարարություն է եկել: Իրենց քաղաքականությունը, այդ թվում՝ դասագրքերի մեջ Արևմտյան Հայաստանի հուշարձանների լիակատար բացակայությունը, ամփոփելու են այս «Հայաստանի պատմություն» դասագրքում, այս սահմանների մեջ, որովհետև դա է նախապայմաններից մեկը»:

 
 

Add new comment

From the author