6

Այո, վտանգ կա, որ լինելու է ռազմական գործողություն Սյունիքում, եւ աշխարհը ինչպես միշտ, աչքերը կփակի. քաղաքագիտության դոկտոր

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

ԱՄՆ-ն հայտարարում է՝ մենք չենք թողնի, որ Իրանը մտնի Կովկաս, իսկ որ Թուրքիան մտնում է Կովկաս, դա իրենց շահերին համապատասխանում է: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Սթենդֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Որ հայերին բնաջնջեցին Արցախում, ԱՄՆ-ն ոչինչ չասաց, բայց իրենց հետաքրքրում է, որ Իրանը եւ Ռուսաստանը չլինեն Կովկասում: Միջին միջանցքը տնտեսական հարց չէ, ռազմաքաղաքական հարց է: Սա այն հարցն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է միանան եւ նրանց խանգարում ենք մենք, եւ մենք պետք է այստեղից վերանանք: Իրենց պետք է ունենալ մեծ Թուրքիա՝ Ստամբուլից Բաքու, որը լինելու է ՆԱՏՕ-ի անդամ: Այսինքն Սեւ ծովում, Միջերկրականում եւ Կասպից ծովում լինելու է ՆԱՏՕ-ի նավատորմը, որի մասին պետք է մտածեն մեր ռուս գործընկերները: Արեեւմուտքի նպատակն է, որ Կովկասը լինի Թուրքիայի վերահսկողության տակ: Սյունիքը պետք է կամաց-կամաց Հայաստանի վերահսկողությունից դուրս գա, եւ դա կարող է լինել քայլ առ քայլ: Սկզբից կասեն՝ ուժով մի բացեք, բայց ինչ-որ միջանցք պետք է լինի: Հետո այնտեղ միլիարդավոր ներդրումներ կլինեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հետո այնտեղ բիզնեսներ կլինեն»,-ասաց նա՝ հավելելով, որ Արեւմուտքը դրա համար Իրանին ներքաշում է պատերազմի մեջ:

«Հնարավոր է, որ էսկալացիայի արդյունքում օդային հարվածներ լինեն արդեն Իրանի դեմ, որի մասին ԱՄՆ-ն ասել է: Եթե լինի պատերազմ Իրանի դեմ, լինելու են Իսրայելը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, հնարավոր է լինեն Ֆրանսիան ու Թուրքիան: Ես չգիտեմ՝ Իրանը ո՞նց է դիմակայելու այդքան ուժերին, Ռուսաստանը չի կարողանալու այս իրավիճակում Իրանին օգնել»,- ընդգծեց Խաչիկյանը:

Նա շարունակեց, որ Իրանի դեպ նման պատերազմի դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը Արեւմուտքին կասեն՝ մենք ուզում ենք օգնել ձեզ, դրա համար պետք է Թուրքիայից բեռները ազատ գան Ադրբեջան, որպեսզի դա օգտագործենք Իրանի դեմ. «Ինչ-որ մի պատրվակով այնպես կանեն, որ աշխարհը աչքերը կփակի եւ իրենք մեկ հարվածով կարող են Սյունիքը վերցնել:

Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժային պոտենցիալը գնալով աճում է, մերը՝ նվազում է: Մեր շուրջ իրավիճակը գնալով դառնում է ավելի անկյուն: Մենք երկու պոտենցիալ դաշնակից ունեինք՝ Ռուսաստանը եւ Իրանը, երկուսի հետ էլ կայուն հարաբերություններ չունենք: Այո, վտանգ կա, որ լինելու է ինչ-որ ռազմական գործողություն Հայաստանի հարավում՝ Սյունիքում, եւ աշխարհը ինչպես միշտ, աչքերը կփակի»:

 

Add new comment

From the author