ասվ

Բանակում այսօր էլ արվում են փոփոխություններ, բայց դրանք շատ ավելի դանդաղ են, քան պետք է լինեն Հայաստանի իրավիճակում. Լեոնիդ Ներսիսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը: 

- Այսօր Հայոց բանակի կազմավորման օրն է: 32 տարվա ընթացքում հայկական բանակն անցել է մի քանի պատերազմի միջով, ունեցել ինչպես փառավոր, այնպես էլ պարտված ժամանակաշրջաններ: Այսօր ինչպե՞ս եք գնահատում հայկական բանակի ներուժը: 

 - Եթե մեր բանակի պատմությունը վերլուծենք, այն՝ որպես կառուց, ամենաուժեղն է եղել կազմավորման առաջին տարիներին՝ հենց պատերազմից հետո: Հետո տարիներ շարունակ դեռ առկա էր հաղթանակի էյֆորիան, Հայաստանը հավատում էր իր հաղթանակին, և մարդիկ էլ առավել մեծ կարծիքի էին Հայոց բանակի կարողությունների մասին, քան իրականում կար: Մարդիկ այնպիսի պատկերացում ունեին, թե առանց լուրջ ջանք թափելու մեկ շաբաթում կհասնեն Բաքու: Արդյունքում մենք տեսանք, որ տարիների ընթացքում ուժեղանալու փոխարեն ինչ-որ իմաստով բանակը դեգրադացվեց: Ես չեմ խոսում զենք-զինամթերքի մասին, բնականաբար 1994-ի համեմատ 2020-ին զինամթերք ավելի շատ է եղել, բայց մենք, ամենակարևորը, Ադրբեջանի համեմատ դարձանք առավել քիչ պրոգրեսիվ, ու, ինչպես ասացի, խոսքը զենք-զինամթերքի մասին չէ, այլ բանակի՝ որպես կառույցի: 2020-ին էլ ունեցանք այն, ինչ ունեցանք: Այնպես չէ, որ 2020-ին ռազմական հավասարակշռությունն այնքան էր խախտված, որ մենք պարտություն կրեինք: Եթե 1992 թվի հետ համեմատենք, այն ժամանակ այդ հավասարակշռությունը շատ ավելի խախտված էր, բայց հայկական ուժերը կարողացան հաղթանակի հասնել: 

2020 թվականից հետո, պարզ է, որ այլևս չկա այն կարծիքը, թե մենք ադրբեջանցիներից ավելի ուժեղ ենք, կամ որ մեր բանակն անհաղթ է: Բայց հիմա էլ բախվել ենք մեկ այլ դժվարության, երբ մենք խնդիրները գիտենք, բայց թե ինչպես այդ ամենը փոխել, չգիտենք, կամ չեն հերիքում քաղաքական կամքն ու մարդկային ռեսուրսը: Այդ ամենը կարելի է «ջարդել» ու հաղթանակել, բայց դա հեշտ գործընթաց չէ: Ըստ այդմ, բացի իրավիճակն ընդունելուց և հասկանալուց, որ չունենք կարողություններ այդ ամենը փոխելու, պետք է սկսենք օգտվել տարբեր օգնություններից այդ ոլորտում, դրսից մասնագետներ հրավիրենք և այլն: Բայց դրա համար պետք է լինի քաղաքական կամք, պետք է լինեն նպատակ ու հստակ առաջադրանք: Իսկ առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր բանակից, ու ձևավորենք այդ ամենը: 

- Ձեր խոսքում նշեցիք, որ տարիների ընթացքում զարգացման փոխարեն բանակը հետընթաց է ապրել: Դա ինչի՞ արդյունք էր՝ բանակի մոդե՞լն էր սխալ, կառավարո՞ւմը, թե՞ այլ խնդիրներ կային: 

- Պատերազմից հետո՝ 1994-96 թվականին, մենք ունեցել ենք բարձր կարգի սպաներ, որոնք սովետական բանակից էին, և այդ մոդելով ձևավորեցին բանակը: Այդ ժամանակ դա հնացած մոդել չէր, գուցե և ամենալավը չէր աշխարհում, սակայն արդիական փորձ էր: Մյուս կողմից էլ պատերազմին մասնակցող շատ սպաներ մարտական փորձ ունեին Աֆղանստանից, որն էլի գուցե ոչ ամենադրականն էր աշխարհում, սակայն նոր փորձ էր: Իսկ հիմա մենք, ստացվում է, այդ տարիների պատերազմից հետո շարունակում էինք խորհրդային բանակի  նույն մոդելը շահագործել, բայց և՛ սպաների որակն էր արդեն ընկել, և՛ բանակի մոդելի արդիականությունը վաղուց սպառվել:  

- Հաճախ ենք տարբեր պաշտոնյաներից կամ փորձագետներից լսում պրոֆեսիոնալ բանակի ձևավորման անհրաժեշտության մասին, կամ, ասենք, այն մասին, որ 18 տարեկան զորակոչիկները չպետք է սահման պահեն, և դա պետք է անեն առավել փորձառու զինծառայողներ: Ըստ Ձեզ՝ դա ճի՞շտ ուղղություն է ՀՀ զինված ուժերի համար: 

- Այսօրվա դրությամբ դա հեքիաթ է, թե մենք կարող ենք ունենալ փոքր պրոֆեսիոնալ բանակ, ու մեծ պրոֆեսիոնալ բանակ էլ չենք կարող ունենալ, որովհետև դա շատ թանկ հաճույք է: Հիմա Հայաստանին հարկավոր է 70-80-հազարանոց բանակ, սակայն այսօր, շատ այլ խնդիրներից բացի, մենք ունենք նաև մարդկային ռեսուրսների խնդիր: Ու եթե հիմա մենք մի հատ էլ զորակոչը հանենք, դա կվերջանա աղետով: Դրա համար ես կողմ եմ նրան, որ պրոֆեսիոնալ մասն աճի իհարկե, բայց զորակոչային մասից, ցավոք սրտի, դեռ շատ երկար տարիներ մենք չենք կարողանա հրաժարվել: 

- Իսկ ի՞նչ կասեք պահեստազորի ձևավորման և զարգացման մասին: Այդ գործով այսօր մեծապես զբաղվում են հասարակական կազմակերպությունները: 

- Դա լավ մոտեցում է, սակայն այդ կազմակերպությունները պետք է ունենան հստակ սխեմա, թե ում են պատրաստում, ով է այսօր անհրաժեշտ բանակին, որ մասնագիտություններն են  նախընտրելի, ինչ ստանդարտով են այդ վարժանքները կատարվում: Եթե այդ ամենը հստակեցվի, օրենքի տեսք ստանա, շատ ավելի արդյունավետ կլինի, օրինակ՝ երբ պահեստազորային են զորակոչում, որն անցել է այդպիսի դասընթացներ, նրա այդ կրթությունը պաշտոնապես հաշվի առնվի և ազդի այն բանի վրա, թե նա որտեղ է ծառայելու և ինչ է անելու: Պարզապես եթե նման փոխշփում չկա պետության և այդ կազմակերպությունների միջև, այդ ամենն էլի լավ նախաձեռնություն է, բայց արդյունքը բավականին թույլ է: 

- 2020 թվականի պատերազմից հետո և այսօր, երբ դեռ առկա է պատերազմի վտանգ, ի՞նչ ուղղություններով պետք է աշխատանքներ տարվեն ՀՀ զինված ուժերում, ի՞նչ փոփոխությունների կարիք կա, և ներկայումս իրականացվող ո՞ր փոփոխություններն են ընդունելի:

- Այս պահին ընդունելի կարելի է կոչել միայն զենքի գնումների ծավալները, այն, այսպես ասած, Հայաստանի ունեցած գումարների համեմատ բավական ծավալուն է, և երբևիցե այդքան գնումներ չեն եղել: Բայց բարեփոխումների մասով ավելի շատ աշխատանքներ պետք է տարվեն, և կարևորը՝ հատկապես կառավարման ու կապի հետ կապված բաղադրիչները զարգանալու մեծ տեղ ունեն: Մյուս կողմից՝ ռազմական կրթությունը շատ մեծ փոփոխություններ պետք է ապրի: Այսինքն՝ ամեն ինչի մասին կարելի է ասել, որ մեծ փոփոխությունների կարիք կա: Այսօր էլ կան փոփոխություններ, բայց դրանք շատ ավելի դանդաղ են, քան պետք է լինեն այն իրավիճակում, որում Հայաստանն է: 
 
 

Add new comment

From the author