սդզ

Ներքին Հանդի միջադեպն ի ցույց է դնում Ադրբեջանի իրական նպատակները տարածաշրջանում. ի՞նչ ուղերձ ուներ այդ սադրանքը 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

- Իլհամ Ալիևի` Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո հակառակորդը Սյունիքում սադրանքի գնաց: Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպով Ադրբեջանն ի՞նչ նպատակ է հետապնդում, և բանակցային գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ: 

- Չնայած այն հանգամանքին, որ այս սադրանքը և միջադեպը լոկալ բնույթի էին, բայց, այնուամենայնիվ, դրա տեղի ունենալը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և, ընդհանուր առմամբ, խաղաղության հաստատման: Եթե հակառակը լիներ, ապա ադրբեջանական կողմը նման սադրանք իրականացնելուց առաջ հիմք կընդուներ հայկական կողմի պաշտոնական տեղեկատվությունը, որ Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննություն է տարվելու: Բայց մենք լրիվ հակառակ իրավիճակի ականատեսը եղանք. Ադրբեջանը հերթական անգամ կիրառեց իր ռազմական գործիքակազմը: Դա ունի բացատրություն: Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը Հայաստանի հանդեպ` ի ցույց դնելով, որ ինքը հայկական կողմից արձակված ցանկացած կրակոցի արձագանքելու է ոչ հավասարաչափ` մի քանի անգամ ավելի ուժգին: Ըստ իս` դա ավելի լայն ուղերձ էր Ադրբեջանի կողմից` ցույց տալու, որ Հայաստանը որևէ կերպ, որևէ պարագայում չմտածի ռևանշի հնարավորության մասին: Այսինքն` ուժի և ուժի սպառնալիքի անհամաչափ կիրառման նպատակը, մեծ հաշվով, ուղերձ էր Հայաստանին` հրաժարվելու ռևանշի մասին ցանկացած մտքից: 

Բնականաբար, այս միջադեպն իր բովանդակային լուրջ ազդեցությունն է ունենալու խաղաղության հաստատման գործընթացի վրա, որովհետև ի ցույց է դնում Ադրբեջանի իրական նպատակները տարածաշրջանում, որը խաղաղությունը չէ, այլ հայկական պետության` որպես սուբյեկտի ընդհանրապես վերացումն այս տարածաշրջանում: 

- Եթե դիտարկենք Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպին նախորդող դեպքերը, Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գտնվելու հարցը, որը, ըստ հակառակորդի, խանգարում է «խաղաղության» հաստատմանը: Սադրանքի իրագործումից հետո էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը՝ նրան մեղադրելով հայանպաստ դիրքորոշման մեջ: Ի՞նչ կասեք Բաքվի և ԵՄ-ի միջև այս լարվածության առնչությամբ: 

- Այստեղ միանշանակ է, որ մենք ականատես ենք Ադրբեջան-Եվրամիություն հարաբերություններում զգալի լարվածության, որը նկատվում է առնվազն վերջին մի քանի ամիսների ընթացքում: Արցախում տեղի ունեցած հայաթափումից հետո Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց, և այդ համատեքստում նկատում ենք, որ Եվրամիությունից շատ ավելի հասցեական ուղերձներ են հնչում: Հիմա Ադրբեջանը փորձում է հավասարակշռել Եվրամիությունից եկող ուղերձները` իր կողմից ԵՄ առանձին երկրների, մասնավորապես Ֆրանսիայի հասցեին մեղադրական տարբեր հայտարարություններ հնչեցնելով: Դիցուք, օրինակ, այն հայտարարությունը, թե ԵՄ դիտորդները խախտում են պայմանավորվածություններ, կատարում են քայլեր, որոնք իրենց պարտավորությունների մեջ չեն և այլն: Կամ այն հայտարարությունը, թե Ֆրանսիան ակտիվ կերպով զինում է Հայաստանին և դրանով խոչընդոտում խաղաղության հաստատումը տարածաշրջանում: 

Մյուս կողմից` շատ ավելի խորքային խնդիր կա, դա Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունն է Հայաստանում, որը, այնուամենայնիվ, որոշ չափով կաշկանդում է Ադրբեջանի` ավելի ազատ գործելու հնարավորությունը: Չնայած տեսնում ենք, որ անկախ այդ դիտորական առաքելության գործունեությունից` Ադրբեջանը գնաց լարվածության, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր: 

Ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը հռետորաբանության մակարդակում մեղադրում է Եվրամիությանը, բայց, միևնույն ժամանակ, ցույց է տալիս, որ ցանկացած առաքելություն, զինված ուժեր, սպառազինություն, որ Հայաստան է բերվում, իր համար խոչընդոտ չի լինելու և չի կաշկանդելու իրեն: Այսինքն` Ադրբեջանի քայլերը ԵՄ-ի ուղղությամբ նաև այդ նպատակներն են հետապնդում: 

- Եվրամիությունը և, ընդհանրապես, Արևմուտքը կարծես ներում են Ադրբեջանի բոլոր սպառնալիքներն ու հանցանքները: Ինչո՞ւ են արևմտյան գերտերությունները խուսափում կոշտ արձագանքից և պատժամիջոցներից: 

- Հայտարարություններ լինում են, բայց, իհարկե, դրանք համաչափ չեն: Ըստ իս` Արևմուտքին մեր տարածաշրջանն անհրաժեշտ է ամբողջովին, ոչ թե երկրները` առանձին վերցրած: Այսինքն` նրանք չեն բավարարվում, ենթադրենք, միայն Հայաստանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարով: Նույնն էլ Ռուսաստանի պարագայում, նրան ևս պետք է ամբողջ տարածաշրջանը և ոչ թե, ասենք, միայն Ադրբեջանը, որի հետ այս պահին ունի բավականին ներդաշնակ հարաբերություններ: Եվ սրանով են պայմանավորված Ռուսաստանի վերջին շրջանի քաղաքականությունն ու ակտիվացումը մեր տարածաշրջանում:

Նույն Արևմուտքում էլ շատ լավ հասկանում են, որ ի դեմս ալիևյան վարչակարգի` գործ ունեն ավտորիտար վարչակարգի հետ, որին եթե պատին սեղմեն, այն կարող է առանց որևէ կաշկանդվածության կողմնորոշվել դեպի Ռուսաստան, այսինքն` նրանք կորցնելու են Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունը: Հետևաբար չկա հստակ, թիրախավորված արձագանք, մյուս կողմից էլ, եթե հայտարարություններին չեն հաջորդում գործողություններ, դրանք դառնում են աննպատակ և անարդյունավետ: Ըստ իս` այս պահին արևմտյան դերակատարների նպատակը դիվանագիտական եղանակով Բաքվի վարքագիծը զսպելն է: 

-բԻսկ տեսնո՞ւմ եք հնարավորություն Ալիևին հետ բերելու բանակցային դաշտ, թե նրա ձեռքերն ավելի են ազատվել նախագայի պաշտոնում վերընտրվելուց հետո: 

- Ադրբեջանը, կարծում եմ, պատրաստ է բանակցությունների, սակայն իր օրակարգով, այլ ոչ այն օրակարգով, որ կար մինչև Գրանադայի հանդիպումը ԵՄ-ի բանակցային սեղանին: Ադրբեջանը փորձում է ձևավորել նոր բանակցային օրակարգ և չի բացառվում նաև` նոր ձևաչափ: Եթե ԵՄ բանակցային ձևաչափն առաջարկի այն օրակարգը, որը ցանկանում է Ադրբեջանը, ես կարծում եմ` նրանք կգնան այդտեղ բանակցության: Սակայն Արցախում իրականացրած էթնիկ զտումից հետո, ըստ իս, Ադրբեջանը որոշակի պարտականություններ ունի Ռուսաստանի հանդեպ կամ գուցե ինչ-որ գործարքի է գնացել Ռուսաստանի հետ, որը թույլ չի տալու արևմտյան հարթակներում բանակցել, և Ադրբեջանը փորձելու է բանակցությունները շարունակել կամ Ռուսաստանի առաջ քաշած եռակողմ ձևաչափով, կամ «3+3» ձևաչափով: 


 
 

Add new comment

From the author