դետք

Միջուկային զենքը բացակայում է Իրանի պաշտպանական դոկտրինից․ Նասեր Քանաանի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հերքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մայք Թերների պնդումները՝ նշելով, որ Իրանի պաշտպանական դոկտրինում միջուկային զենքը տեղ չունի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է ռուսական պետական «РИА Новости» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Քանաանին շեշտել է, որ Իրանի ռազմավարությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումն է՝ երկրի կարիքներին և զարգացման ծրագրերին համապատասխան, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման պայմանագրի և համապարփակ անվտանգության համաձայնագրով սահմանված միջազգային իրավունքների ու պարտավորությունների հիման վրա։

«Նման անհիմն պնդումները, որ տասնամյակներ շարունակ հնչեցնում են ամերիկացի պաշտոնյաները, փորձ են՝ ռազմական բնույթ տալու  Իրանի խաղաղ միջուկային ծրագրին և համահունչ են սիոնիստների իրանաֆոբ քաղաքականությանը»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ամերիկացիների ու սիոնիստների այս քաղաքականությունը երկար պատմություն ունի, բայց չնայած դրան` Իրանը որևէ նշանակություն չի տալիս նման հայտարարություններին ու պնդումներին, քանի որ դրանք հիմնականում հնչում են ԱՄՆ նախընտրական քարոզարշավների շրջանում և ունեն քարոզչական նպատակներ։

Նասեր Քանաանին հավելել է՝ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ հակաիրանական մեղադրանքներով ու իրանաֆոբիա քարոզելով չի կարող աշխարհի ուշադրությունը շեղել  Իսրայելի օկուպանտ և ագրեսոր ռեժիմի հանցագործություններից, որն Արևմտյան Ասիայում միջուկային զենք ունեցող միակ երկիրն է։



 

Add new comment

From the author