detq

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պարզաբանել է, թե ինչպես է Իրանը պատասխանելու Իսրայելին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին պարզաբանել է, թե Թեհրանն ինչպես է պատասխանելու Իսրայելին Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Իրանի պատասխանը պետք է ունենա երկու ակնհայտ արդյունք։ Նախ՝ այն պետք է պատժի ագրեսորին ահաբեկչության և Իրանի ազգային ինքնիշխանության խախտման համար։ Երկրորդ՝ դա պետք է ուժեղացնի Իրանի զսպիչ հզորությունը և ռեժիմի զղջումն առաջացնի, որպեսզի կանխի ցանկացած ապագա ագրեսիա։ Իրանի արձագանքը նաև պետք է խուսափի Գազայում հրադադարի հաստատման հնարավորության վրա հավանական բացասական ազդեցությունից»,- ասել է նա։

Իրավանին շեշտել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելին այն ժամանակ և այն ձևով, որին չեն սպասում։ «Գուցե երբ նրանք նայեն երկինք և ռադարի էկրանին, նրանց հանկարծակիի բերի այն, ինչ տեղի կունենա երկրի վրա, իսկ գուցե թե՛ մեկը, թե՛ մյուսը միասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են հուլիսի 31-ին Թեհրանում, իրենց նստավայրի դեմ գրոհի ժամանակ։ Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Հանիեի սպանությունը ծրագրված էր և կատարվել է սիոնիստական վարչակարգի կողմից՝ Ամերիկայի հանցավոր կառավարության աջակցությամբ։

Add new comment

From the author