29

Բաքուն հիմա շատ ինտենսիվ մեր դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը. ադրբեջանագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Օրերս գրել էի, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը թեև ժխտում ու «անհեթեթություն» է որակում ադրբեջանական «Caliber.az» կայքի հրապարակումները, թե իբր Սյունիքում ԱՄՆ ռազմաբազա կա, Ադրբեջանը շարունակելու է այդ ապատեղեկատվության տարածումը։ Հենց այդ հարցազրույցից հետո նույն կայքը հրապարակել է նույնաբովանդակ նոր տեսանյութ։

Առհասարակ, Ադրբեջանը հիմա շատ ինտենսիվ մեր դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը, ստուգում է արձագանքներ Հայաստանի և միջազգային տարբեր դերակատարների կողմից՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։ Բնական է, որ այս ամենի մասին որևէ քաղաքական գնահատական ՀՀ-ից չի հնչելու, որևէ կանխարգելիչ դիվանագիտական աշխատանք չի տարվելու, անհիմն չի մտավախությունս, որ Դիլիջանում հավաքված դիվանագետների համար էլ օրակարգային քննարկման առարկա կդարձնեն անասնապահությունը:

Իսկ Վաշինգտոնում որոշում կայացնողներն այս իրավիճակը լրջորեն վերլուծելու կարիք ունեն, քանի որ հենց ԱՄՆ-ին է Ադրբեջանը դարձնում պատասխանատու ապագա հնարավոր էսկալացիաների համար։ Այդ ճանապարհին Բաքուն հորինում է ամեն տեսակ անհեթեթ ապատեղեկատվություն՝ ընդհուպ այն, որ ԱՄՆ-ն Իրանի տարածքով զենք է մատակարարում Հայաստանին։ Այս համատեքստում ԱՄՆ կանխարգելիչ քայլերը ավելի քան կենսական նշանակություն են ստանում»:

Add new comment

From the author