դետք

Զախարովան անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշմանը 

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Նա շեշտել է՝ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև կապերն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է, քանի որ դա հայտնի է. «Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ ու փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը»։

Մարիա Զախարովան նշել է, որ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին խոսելու դեպքում Ադրբեջանի և Իրանի հետ շփումների հիմնական աշխատանքը կատարվում է այսպես կոչված արևմտյան ուղղությամբ՝ Ռուսաստանից Կասպից ծովի երկայնքով ադրբեջանական տարածքով և հետագայում դեպի Իրան։

«Երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին քննարկվում է Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։

Այս եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն իրականացվում են ըստ ամենաբարձր մակարդակով՝ ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների։

Մենք տեսել ենք Իրանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մտահոգություն են հայտնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ և, համապատասխանաբար, բացատրում են այս մոտեցման, այդ վերաբերմունքի պատճառները։ Ինձ թվում է, որ դուք պետք է ուղիղ կապ հաստատեք Թեհրանի հետ»,- եզրափակել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերաբերյալ ընդգծելով դրա բացման անթույլատրելիությունը։
 

Add new comment

From the author