դետք

Իրանը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը կարող է արձագանքել՝ Եվրոպայում Իսրայելի դեսպանատան վրա հարձակվելով

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Քենեթ Մաքքենզին կարծում է, որ Իրանը կարող է հարձակվել Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում իսրայելական դիվանագիտական ​​հաստատությունների վրա՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Մաքքենզին ասել է ամերիկյան «The New York Times» պարբերականին տված հարցազրույցում։

Նա շեշտել է, որ իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։

Ըստ պարբերականի՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Թեհրանը ձգձգում է «հատուցումը» հրեական պետության դեմ, քանի որ սպասում է Գազայի հատվածում գործարքի շուրջ բանակցությունների ավարտին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում անկլավում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ Իսրայելական գործողության զոհ են դարձել 40 հազար պաղեստինցիներ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։

Մերձավոր Արևելքում աշխատող դիվանագետները «The New York Times»-ին ասել են, որ Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցը՝ լիբանանյան շիական «Հիզբոլլահ» շարժումը, կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելին, այդ թվում՝ խաթարել հրեական պետության հարաբերություններն իր արևմտյան գործընկերների հետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հարցով գործարքի գնալու դժկամության պատճառով։

Add new comment

From the author