detq

Թեհրանի խորհուրդը Մոսկվային․ Զանգեզուրի երևակայական միջանցքը չի գործարկվելու

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերաբար հնչող պնդումների ֆոնին Թեհրանը Մոսկվային հիշեցրել է, որ Զանգեզուրի երևակայական միջանցքը չի գործարկվելու։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նշվում է Իրանի իշխանություններին մոտ կանգնած «Tasnim»​​​​​​​ լրատվական գործակալության հրապարակած` «Խորհուրդ ռուսներին՝ Զանգեզուրի հետ կապված. երևակայական միջանցքը չի ստեղծվելու» վերտառությամբ հոդվածում։

Իրանական լրատվամիջոցը հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան կողմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը, հաղորդակցությունների արգելափակման վերացմանը: Լավրովը Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին խոչընդոտելու համար մեղադրել էր հայկական կողմին։

Իրանական աղբյուրն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Լավրովի այս դիրքորոշումը ԶԼՄ-ներում տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների առիթ է տվել «Զանգեզուրի միջանցքը» բացելու Մոսկվայի ցանկության առնչությամբ:

Նշվում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ տարբեր հանդիպումներում բազմիցս հայտարարել են Թեհրանի բացահայտ հակազդեցության մասին այս միջանցքին, որն աշխարհաքաղաքական փոփոխություններ կառաջացնի սահմաններում և տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցը հայտնել է, որ Ռուսաստանի նման դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ավելի է սրվել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո, որը նշել էր, որ Զանգեզուրի երթուղին կարող է Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի հետ, և որ երթուղու ապաշրջափակման հարցն անպայման կքննարկվի Հայաստանի հետ եռակողմ խաղաղ բանակցությունների շրջանակում։

«Վերջին քննարկումներից հետո Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձը փոխանցելու համար, իսկ արտաքին գործերի նախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպանին (Ալեքսեյ Դեդովին) նախարարություն է կանչել»,- գրում է լրատվականը։

Հոդվածում նաև ասվում է, որ ըստ իրազեկ աղբյուրների` ՌԴ-ում Իրանի դեսպանը նույնպես հայտարարել է Թեհրանի բողոքի մասին՝ ընդդեմ ՌԴ արտգործնախարարության դիրքորոշումների։

«Ռուսաստանի իշխանություններին հարկ է հիշեցնել մի քանի կետ.

Նախ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություններ արեց, որոնք հակասում էին Իրանի սպասումներին: Ռուսները մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով և բազմաթիվ առիթներով լավ տեղեկացված են եղել Իրանի հստակ և ճիշտ դիրքորոշման մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած տեսակի միջանցքի, լինի Զանգեզուրը, թե ուրիշը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանին: Ուստի այս դիրքորոշումը անակնկալի բերող և ապշեցնող է:

Իրանն անվտանգության տեսանկյունից չի ընդունում որևէ փոփոխություն իր սահմաններում: Չկա այնպիսի կանոն, ըստ որի՝ Հարավային Կովկասի երկրներից որևէ մեկի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքն առավելություն չունեն մյուսների նկատմամբ: Ուրեմն ինչո՞ւ են մեր ռուս ընկերները կարծում, որ պետք է օգտագործեն «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։ Թվում է, թե ՌԴ ԱԳՆ-ն մոլորության մեջ է և կարծում է, որ իրեն ձեռնտու է լուծել Հայաստանի հետ իր խնդիրը՝ օգտագործելով երևակայական «Զանգեզուրի միջանցքը», որը, իհարկե, չի ստեղծվի Իրանի հակազդեցության շնորհիվ: «Զանգեզուրի միջանցքի» բացումը նշանակում է դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկի փակում և Իրանի Իսլամական Հանրապետության հարևանների թվի 15-ից 14-ի կրճատում։

Հաշվի առնելով «ռազմավարական հարաբերությունների» հայեցակարգը, որին ձգտում են Իրանը և Ռուսաստանը, նման մարտավարական քայլերի ձեռնարկումը հակասում է ռազմավարական հարաբերությունների սկզբունքներին... Եթե որևէ երկիր կարծում է, որ կարող է իր խնդիրները լուծել իր սահմաններից դուրս՝ ուրիշների հաշվին բացելով հակամարտությունների նոր ճակատ, ապա աշխարհում ոչ մի տեղ ապահով չի լինի, և աշխարհը կհայտնվի մշտական քաոսի մեջ»,- ասվում է հոդվածում, որն արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը:

Add new comment

From the author