detq

Իրանն Իսրայելին բոլորովին այլ և անսպասելի պատասխան հարված կհասցնի. պնդում են ԻՀՊԿ-ից

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի օպերատիվ հարցերով հրամանատարի տեղակալ Մոհսեն Չիզարին հայտարարել է, որ Իրանն Իսրայելին բոլորովին այլ և անսպասելի պատասխան հարված կհասցնի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Չիզարին ասել է իրանական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ Իրանը Հանիեի սպանությանը կպատասխանի, հենց դրա ժամանակը գա։

Անդրադառնալով լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման «Արբաին» հակաիսրայելական գործողությանը՝ Չիզարին ասել է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան խմբավորման բարձրագույն հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության, ապա հավելել, որ Իրանի ջախջախիչ պատասխանն անշուշտ այլ կլինի:

Իրանցի բարձրաստիճան զինվորականը միևնույն ժամանակ նշել է՝ որքան Իսրայելը համառի Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր հատվածներում իր լայնամասշտաբ ռազմական հարձակման հարցում, այնքան նրա համար իրավիճակը կբարդանա։

«Դիմադրության կառույցը Գազայում ամուր է, այն ձևավորվում և ամրապնդվում է Արևմտյան ափում: Այսօր Իսրայելի ռեժիմը միջոցներ է ձեռնարկում Արևմտյան ափում դիմադրության ձևավորումն ու ուժեղացումը կանխելու համար, բայց դա նրան երբեք չի հաջողվի»,- եզրափակել է նա։

Add new comment

From the author