71

Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակում «Christian Solidarity International»-ի կազմակերպած միջոցառմանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գործընկերներ,

Նախ ներողություն եմ հայցում, որ չկարողացա անձամբ ներկա լինել միջոցառմանը և շնորհակալություն եմ հայտնում «Christian Solidarity International»-ին այս նախաձեռնության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջնագծում մշտապես լինելու համար։

Ես վստահ եմ, որ իմ գործընկերներն Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների իրավունքներին վերաբերող հարցի շուրջ կներկայացնեն համապարփակ և ամբողջական տեղեկություն, ուստի ձեր թույլտվությամբ, ես կուզենայի օգտվել այս առիթից և խոսել ոչ միայն գերիների մասին, այլ նաև Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական ագրեսիաների հետևանքով բռնի տեղահանված ժողովրդի իրավունքներին վերաբերող մարտահրավերների։

9 ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին հարձակվեց խաղաղ բնակչության վրա, որի հետևանքով հարյուրավոր անձինք զոհվեցին, իսկ Արցախի 120 հազար բնիկ ժողովուրդը տեղահանվեց սեփական հայրենիքից։

Այսօր (միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին - խմբ.) ես կուզենայի առանձնացնել չորս հիմնական թեմաներ, որոնք շարունակում են լրջագույն մարտահրավեր հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդկային իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Առաջինը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավիճակն է Հայաստանում։ Թեև Հայաստանի Հանրապետության կողմից բռնի տեղահանվածներին տրամադրվել է հումանիտար աջակցություն, սակայն հարկ է նշել, որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանը ի զորու չէ պատշաճ կերպով հասցեագրելու բռնի տեղահանվածների կարիքները։ Դրա պատճառով Հայաստանում ապաստան գտած հազարավոր բռնի տեղահանվածներ ապրում են չքավորության մեջ՝ բախվելով սոցիալ-կենցաղային բազմաթիվ մարտահրավերների։ Այս հարցում ակնկալում ենք միջազգային հանրության գործուն աջակցությունը։

Երկրորդ կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հարցն է։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց և բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը՝ ավերելով մեր վանքերը և եկեղեցիները, մեր սրբավայրերն ու գերեզմանները։ Ավելին` մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես է ադրբեջանական իշխանությունը հայերին պատկանող գույքը յուրացնում, ապօրինաբար այն տրամադրում և բնակեցնում ադրբեջանցիներով։

Երրորդ հարցը, որը մեզ համար կենսական նշանակություն ունի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցն է։ Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ չկա Լեռնային Ղարաբաղի որևէ բնակիչ, որը չի ցանկանում վերադառնալ սեփական հայրենիք ու օջախ։ Վերադարձի իրավունքը անօտարելի է և ամրագրված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։ Այս առումով մեր ակնկալիքն այն է, որ վերադարձի հարցը անպայմանորեն պետք է դառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ բանակցությունների և քննարկումների օրակարգի մաս։

Եվ իհարկե չորրորդ հարցը, որը այսօրվա մեր միջոցառման հիմնական թեման է, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների հարցն է։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը գերիների հարցը դարձրել է քաղաքական սակարկման հարց։ Այս խիստ հումանիտար բնույթի հարցը Ադրբեջանը քաղաքականացրել է և օգտագործում է որպես լծակ Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի սկզբունքները։

Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանի պատմությունը՝ Արցախի տարեց բնակիչ, որը առևանգվել է ադրբեջանական իշխանությունների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ձեռքերից։ Ուզում եմ հիշեցնել Բաքվում գերեվարված Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի պատմությունը, քաղաքացիական անձինք, որոնք առևանգվեցին ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն բերելու ճանապարհին։ Ուզում եմ հիշեցնել Բաքվում ապօրինաբար պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության պատմությունը։ Եվ նմանատիպ տասնյակ պատմություններ։ Այսօր Ադրբեջանում անօրինաբար պահվող անձանց պատմությունները որքան տարբեր են, այնքան էլ նույնն են։ Նրանք այսօր ենթարկվում են ադրբեջանական բռնապետական իշխանությունների կամայականություններին բացառապես հայ լինելու համար։

Հաշվի առնելով գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների դաժանությունները, որոնք արձանագրվել են նախորդիվ, կարելի է հստակ պատկերացում ունենալ, որ այսօր ադրբեջանական բանտերում պահվող անձանց իրավունքների պաշտպանության որևէ գործուն մեխանիզմ չկա, մեզ և միջազգային կառույցների համար բացակայում է անգամ նրանց պահման պայմանների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ ունենալու հնարավորությունը։

Ակնհայտ է նաև այն, որ իրավական ճանապարհով Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակումը իրական արդյունավետություն չի ապահովում։ Ուստի և ակնհայտ է դառնում, որ գերիների և պատանդների ազատ արձակման համար խիստ կարևոր է միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։

Հարգելի գործընկերներ,

Իմ գործընկերների հետ միասին մենք բարձրացնում ենք այս խնդիրները տարբեր հարթակներում, և այս ֆորումը հատկապես կարևոր է մեր ձայնը լսելի դարձնելու համար։ Ցավոք, աշխարհի ներկայիս անկայունության և բազմաթիվ մարտահրավերների պատճառով մեր մտահոգությունները հաճախ չեն լսվում: Այժմ, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ են կազմակերպություններ և անհատներ, որոնք հավատարիմ են մարդու իրավունքներին և պատրաստ պաշտպանել այս կարևոր խնդիրները և օգնել մեզ լսելի լինելու հարցում։

Տարածաշրջանում նոր ագրեսիաներն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները կանխելու համար պետք է դադարեցնել Ադրբեջանի ամենաթողությունն ու անպատժելիությունը։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ և հանցավոր պահվածքի համար, և հենց այս հարցերում է, որ մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը։

Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար»:

Add new comment

From the author