
Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Չափազանց ուրախ եմ հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։
Վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն աչքի են ընկել մեծ ակտիվությամբ և ընդլայնվող բովանդակությամբ: Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության տրամաբանության, ժողովրդավարական արժեքների, մեր պետությունների ինքնիշխանության և երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի ու ընդհանուր ապագայի տեսլականի վրա։
Շարունակվում են պարբերական այցելությունները բարձրագույն և բարձր մակարդակով: Զարգանում և խորանում է համագործակցությունը պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում:
Նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել և պարտավորեցնում են մեզ բազմապատկել ջանքերը փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
Կարևորում եմ Հայաստանի և Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման գործոն:
Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։
Այսօր գործընկերոջս հետ անդրադարձել ենք Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, սպորտի ու երիտասարդության ոլորտներին առնչվող հարցերը։
Հարգելի՛ ներկաներ,
Անշուշտ, այսօր քննարկում ենք ունեցել նաև տարածաշրջանային կայունության ու երկարատև խաղաղության հաստատման հարցերի շուրջ։ Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում: Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստը վերջնական համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը։
Ողջունում ենք համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը համագործակցության եզրեր գտնելու, ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում։
Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային կարևորության մի շարք հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների և տարածաշրջանային հեռանկարների վերաբերյալ։
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և ողջ տարածաշրջանի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն