
Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել է Ադրբեջանում. Sputnik Արմենիա
Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, ԱԳՆ–ից հաստատել են տարանցիկ թռիչքի վերաբերյալ հարցման առկայությունը։
«2025 թ․-ի հունվարի 31-ին եգիպտական կողմը պաշտոնական հայտագրով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ մարտի 3-ից 6-ը Եգիպտոս-Ղրղզստան-Եգիպտոս ուղղություններով թռիչք կատարելու ընթացքում ՀՀ օդային տարածքով տարանցման թույլտվություն ստանալու նպատակով: Ըստ եգիպտական կողմի տեղեկատվության՝ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով»,-հայտնել են գերատեսչությունից։
Flightradar24-ի տվյալներով՝ Ադրբեջանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Ղրղզստան։ Մարտի 6-ին այն կրկին ժամանել է Ադրբեջան, ապա, կրկին Հայաստանի տարածքով, հասել է Եգիպտոս։
Ավելի ուշ մենք ևս մեկ հարցում ուղարկեցինք ԱԳՆ և ուշադրություն հրավիրեցինք Ադրբեջանում վայրէջքին՝ լրացուցիչ մեկնաբանություն խնդրելով այդ կապակցությամբ։ Մասնավորապես՝ արդյո՞ք ԱԳՆ-ում խնդրահարույց չեն համարում Ղրղզստանի ճանապարհին ինքնաթիռի վայրէջքը Ադրբեջանում։ Սակայն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից մեզ հայտնեցին, որ հարցմանը «արդեն իսկ պատասխանվել է»։
Հաջորդ հարցումն ուղարկել ենք արդեն Ղրղզստանի ԱԳՆ՝ խնդրելով տվյալներ տրամադրել զորավարժությունների կամ եգիպտական ինքնաթիռի թռիչքի այլ նպատակի մասին։ Ինչպես նաև խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք զորավարժություններին կամ փոխադրումներին որևէ կերպ ներգրավված է Ադրբեջանը:
«Իրավասությանը համապատասխան՝ խնդրում ենք դիմել Ղրղզստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալություն»,-պատասխանել են Ղրղզստանի ԱԳՆ-ում: Ղրղզստանի Քաղավիացիայի պետական գործակալությունից պատասխանեցին գրեթե երկու ամիս անց՝ հայտնելով, որ օդանավի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
«Տվյալ օդանավը մեր գրանցման տակ չի գտնվում։ Հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն»,-ասվում է գործակալության պատասխանում։
Նշված ժամանակահատվածում Ղրղզստանում եգիպտացի զինվորականների հետ զորավարժությունների անցկացման մասին տվյալներ չենք գտել։
Նշենք, որ հաշվի առնելով օդանավի բնութագրերը (կարճ հեռավորությունների ինքնաթիռ)՝ Ադրբեջանում վայրէջքը կարող էր անհրաժեշտ լինել վերալիցքավորման համար։ Պաշտոնական պարզաբանում, սակայն, չստացանք
Ավելացնել նոր մեկնաբանություն