ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
«Ազատություն»․ Հայ - ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ Այսօր Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ դեռ վերջնական որոշում չկա։ Չհստակեցրեց նաև՝ պաշտոնական Երևանն արդյոք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։
«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», - ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը:
2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, հայկական կողմը կարևորում է նրանց ներկայությունը, Ադրբեջանը՝ պարբերաբար քննադատում անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետն անցած ամիս ևս մեկ անգամ քննադատել էր Հայաստանում տեղակայված եվրոպացի դիտորդներին՝ պնդելով, թե դա սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը, նշել, թե նրանք «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:
Այսօր դեսպանը հակադարձեց Բաքվի մեղադրանքներին, ասաց. «Եվրամիության առաքելությունը գերազանց աշխատանք է կատարում՝ տեղում ամրապնդելով մարդկանց անվտանգությունը»։
Այսօր Արտաքին գործերի նախարարությունից դեռ չի հաջողվել տեղեկություն ստանալ՝ արդյո՞ք Երևանը պաշտոնապես դիմել է Եվրամիությանը հաջորդ տարվա փետրվարից հետո ևս սահմանային դիտարկումները շարունակելու խնդրանքով։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն