
Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության պայմանագիրը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար:
Ընդգծելով, որ կողմերը վերջնակետին դեռ չեն հասել՝ Գերմանիայի նախագահն ընդգծել է՝ «ցանկալի է, որ երկու կողմերը օգտագործեն այս պատեհ ժամանակը, որպեսզի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»։
Շտայնմայերը կոչ է արել կողմերին շուտափույթ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության պայմանագիրը։
«Ցանկանում ենք, որ այս բանակցությունների ճանապարհն իր հանգրվանին հասնի և խաղաղություն ստեղծվի և կայունություն հաստատվի։ Մենք այստեղ շարունակելու ենք այդ մասին խոսել, նաև վաղը չէ մյուս օրը Բաքվում մեր մյուս գործընկերների հետ խոսելու ենք այս մասին», - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի նախագահը։
Շտայնմայերը նախօրեին է ժամանել Երևան, ապրիլի 2-ին կլինի Բաքվում։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։
Այսօր Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանիայի նախագահը Երևանում կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կլինի Դիլիջանում, Սևանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն