
Գումարի դիմաց զինծառայության կրճատման օրինագիծը ԱԺ հանձնաժողովում չստացավ դրական եզրակացություն
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին:
Նախքան քվեարկությունը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նախագծի հեղինակին հետ քաշել այն, չընդգրկել հունիսի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում, և ԱԺ բերել նախագիծն աշնանային նստաշրջանում, քանի որ այն խնդրահարույց է մի շարք առումներով: Սակայն Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ հետ չի քաշելու նախագիծը, քանի որ այն բավականին երկար ժամանակ է, ինչ քննարկվում է:
Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ենթադրում է մի շարք կետերով գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Կետերից մեկը վերաբերում է զինծառայությունից խուսափելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն:
Հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, հայտարարեց, որ գործադիրը սկզբունքային մի քանի նկատառումներ ունի: Օրինակ՝ առաջարկվում է, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին որոշման մեջ պետք է սահմանվեն տվյալ որոշմանը համապատասխան կրճատ ժամկետով ծառայության անցնելու դիմումների առավելագույն քանակ, քվոտա:
Ավելացնել նոր մեկնաբանություն