
Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. ԻՀՊԿ հրամանատար
Իրանը ձգտում է հարևանների հետ խաղաղ հարաբերությունների և վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին:
«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին։ Որպես մուսուլմաններ՝ մենք ոչ մի վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ընդգծել է նա։
Նշելով, որ Իրանը պատերազմ սկսելու մտադրություն չունի՝ Թանգսիրին ասել է, որ Իրանի շահերի կամ նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան։
«Մենք պատերազմի չենք ձգտում և այն չենք ցանկանում, սակայն եթե թշնամին փորձի վնասել մեր շահերը կամ հարձակվել մեր ժողովրդի վրա, նրանք պետք է իմանան, որ մենք պատասխան կտանք», - նշել է պաշտոնյան։
Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ցանկացած վայրում թշնամու բազաներին հարվածելու կարողություն ունի՝ հավելելով, որ ցանկացած վայր, որտեղից հարձակում է իրականացվում Իրանի վրա, ի պատասխան թիրախ կդառնա։
«Մենք հնարավորություն ունենք հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեր դեմ հարձակում սկսվի ցանկացած աշխարհագրական դիրքից, մենք պատասխան հարված կհասցնենք հենց այդ վայրին: Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և փախչել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք նրանց հետապնդել մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա:
Իր խոսքում Թանգսիրին ակնարկել է, որ Իրանը չի խոնարհվի ճնշումների կամ սպառնալիքների ներքո:
«Մենք թույլ չենք տա Թրամփին իր կամքը պարտադրել մեզ», - եզարափակել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն