
Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է: Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելու նպատակով, նաև լարվածություն հրահրում առաջնագծում: Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով հետևյալ խնդիրներն է լուծում: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում՝ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումը առաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսևորումներ: Երկրորդ` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա: Երրորդ` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականցված ագրեսիաների և օկուպացման քաղաքականության հետևանքները չմարսած, Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա: Իրավիճակն առավել անկանխատեսելի և անորոշ է դարձել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել:
Երկրորդ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրության որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին: Իշխանության մտահոգություններն, իհարկե, հասկանալի են: Բարդ և վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել և լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել: Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն: Թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության և իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է և ՛ ՀՀ ինքնիշխանությունը, և ՛ տարածքային ամբողջությունը, և ՛ ոտքի կանգնելու հնարավորությունը:
Սա ՛ է իշխանության հռչակած խաղաղության միֆը և նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առոչինչ է դառնում»,- նշել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն