Իտալիան կդառնա «Բայրաքթար TB2» արտադրող առաջին եվրոպական երկիրը․ National Interest
Թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքերի արտադրող ընկերությունը հայտարարել է Իտալիայում «TB2» անօդաչու թռչող սարքերի արտադրության մեկնարկի մասին: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ իտալական «Piaggio Aerospace»-ի գործարաններում կստեղծվեն ոչ միայն «TB2»-ներ, այլև ավելի ծանր «Akinci» հարձակողական անօդաչու թռչող սարքերը, հաղորդում է National Interest-ը:
«AKINCI-ի և TB2-ի՝ այսօր շահագործման մեջ գտնվող ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերից երկուսի արտադրությունը կտեղակայվի Piaggio Aerospace-ում՝ այս համակարգերի նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու համար», - ասվում է Baykar-ի հայտարարության մեջ։
Այս քայլը Թուրքիային հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերը եվրոպական զենքի շուկայում: Դեռևս մարտին իտալական «Leonardo» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իր թուրք գործընկերոջ հետ: Համաձայնագրի համաձայն՝ «Leonardo»-ն կկենտրոնանա ինքնաթիռային համակարգերի և բեռների մշակման վրա, մինչդեռ Baykar-ը՝ անօդաչու թռչող սարքերի վրա: Համագործակցությունը, ենթադրաբար, համաշխարհային շուկայում կամրապնդի երկու ընկերությունների դիրքերը։
Մինչ օրս TB2-ը արտահանվել է առնվազն 13 երկիր։ Ուկրաինայի հակամարտությունից բացի, այս անօդաչու թռչող սարքերը 2020 թվականին ակտիվորեն օգտագործվել են նաև Արցախում։
Քանի որ անօդաչու թռչող սարքերը դառնում են ավելի մատչելի և լայնորեն հասանելի, Անկարան ձգտում է ամրապնդել իր կարգավիճակը որպես աշխարհի առաջատար հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրողներից մեկը: Իտալացի գործընկերների հետ համատեղ արտադրության մեկնարկը թուրքական անօդաչու թռչող սարքերի համար բացում է ուղիղ ճանապարհ դեպի ԵՄ շուկա և ամրապնդում է Թուրքիայի դիրքերը:
Ավելացնել նոր մեկնաբանություն