
Փաշինյանը միգուցե տարիներ անց էլ «նկատի», որ Արցախը զիջելով ու ՀՀ կենսական շահերից հրաժարվելով՝ այդպես էլ խաղաղություն չկառուցվեց. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հյարապետյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն հարց ու պատասխան տալով հոդված է հրապարակել՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերնագրով, որտեղ նշված է. «Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:
Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:
Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ…»։
Փաշինյանը սա «նկատում է» ավելի քան 2 տարի անց, քանի որ «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթը սկսվել է ակտիվորեն գեներացվել հենց Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Միգուցե տարիներ անց էլ «նկատի», որ Արցախը զիջելով ու ՀՀ կենսական շահերից հրաժարվելով այդպես էլ խաղաղություն չկառուցվեց, այլ Ադրբեջանը փոխարենն ավելի ագրեսիվ դարձավ։ Բայց մինչեւ պարզ բաները «նկատի», արդեն մեր պետության համար շա՜տ ուշ կլինի»…
Ավելացնել նոր մեկնաբանություն