Իրանն ակնկալում է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի ենթարկվի մեծ տերությունների ազդեցությանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ Թեհրանն ակնկալում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կգործի անաչառ, պրոֆեսիոնալ և չի ենթարկվի մեծ տերությունների ազդեցությանը։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Ռաիսին ասել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ։
Ռայիսին ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաների այցերն Իրան ապացուցում են, որ երկիրը գործակալության հետ համագործակցելու ամուր կամք ունի։ «Մենք ակնկալում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի մոտեցումը լիովին պրոֆեսիոնալ կլինի, և որ քաղաքական ուժերը, որոնք ձգտում են իրենց նպատակներին, չեն ազդի կազմակեպության գործունեության վրա»,- ընդգծել է Իրանի նախագահը։
Իրանի նախագահն ասել է, որ Թեհրանը միջուկային էներգիան օգտագործում է խաղաղ նպատակներով, ինչպես նաև քննադատել է, որ Իսրայելը չի միացել կազմակերպությանը։
Բացի դրանից՝ Ռայիսին հիշեցրել է, որ առաջինն ԱՄՆ-ն է լքել Իրանի միջուկային համաձայնագիրը, մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ի ընդունած 15 զեկույցները փաստում են, որ Թեհրանը հավատարիմ է մնացել գործարքին։ Նրա խոսքվ՝ եվրոպացիները նույնպես չեն կատարել գործարքի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն իր հերթին գոհունակություն է հայտնել Թեհրան կատարած իր այցի և հատկապես Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման կապակցությամբ։ Նա Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը դրական է համարել՝ նշելով, որ գործընթացը պահանջում է շարունակական և բարձր մակարդակի համագործակցություն՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով։
Ավելացնել նոր մեկնաբանություն