Submitted by detq-editor on
Թուրքիան հավանաբար կհրաժարվի ամերիկյան «F-16» կործանիչների հայտից

Թուրքիան հավանաբար կհրաժարվի ամերիկյան «F-16» կործանիչների հայտից

Թուրքիան ամենայն հավանականությամբ կհրաժարվի ամերիկյան արտադրության «F-16» կործանիչներ ձեռք բերելու իր հայտից։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրը Էրհանը:


Փորձագետն ընդգծել է, որ Անկարան կդիտարկի դրանք փոխարինելու տարբերակները, այդ թվում՝ ռուսական կործանիչներով: «Ես կարծում եմ, որ երկրաշարժերից հետո Թուրքիան կհրաժարվի «F-16»-ի հայտից, քանի որ դրա արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Էրհանի համոզմամբ՝ Թուրքիայի կառավարությունը սխալ է թույլ տվել՝ ԱՄՆ-ից խնդրելով կործանիչներ, որոնք Կոնգրեսը մինչ օրս հրաժարվում է տրամադրելուց «ինչ-որ պատրվակով»։ Նա նաև նշել է, որ այդ համակարգերը հնացած են և այլ ինքնաթիռների համեմատ անմրցունակ։


Թուրք պաշտոնյան հավելել է, որ Անկարան պետք է անհապաղ փոխի «F-16» համակարգերի հարցում իր դիրքորոշումը։

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Վաշինգտոնն առանց ԱՄՆ Կոնգրեսի հավանության չի կարող Թուրքիային «F-16» կործանիչներ վաճառել։ Նա շեշտել էր, որ անհրաժեշտ է վերացնել ամերիկացի օրենսդիրների մտահոգությունները։

Ավելացնել նոր մեկնաբանություն