Submitted by detq-editor on
Պաշտոնական Թեհրանը դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարի հակաիրանական հայտարարությունները և ներողություն պահանջել

Պաշտոնական Թեհրանը դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարի հակաիրանական հայտարարությունները և ներողություն պահանջել

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին խստորեն դատապարտել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքին՝ Իրաք կատարած այցի ժամանակ հնչեցրած հակաիրանական հայտարարությունների համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

 

Քանաանին ընդգծել է, որ նման հայտարարությունների փոխարեն Գերմանիայի արտգործնախարարը պետք է ներողություն խնդրեր Իրանի և Իրաքի դեմ Գերմանիայի կողմից նախկինում կատարված հանցագործությունների համար։ Նրա խոսքով՝ Իրանի դեմ նման չհիմնավորված պնդումները նպատակ ունեին քողարկել Գերմանիայի աջակցությունը՝ 1980-ականներին Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմին։

 

Նա ընդգծել է, որ Գերմանիան Իրանի և Իրաքի միջև պատերազմի ժամանակ քիմիական զենք է տրամադրել Սադամ Հուսեյնի ռեժիմին։ Քանաանիի խոսքով՝ Սադամ Հուսեյնի կողմից այդ մահաբեր զենքն օգտագործվել է Իրանի և Իրաքի քաղաքացիական բնակչության և ռազմական ուժերի դեմ։


Իրանցի դիվանագետը նաև հավելել է, որ ներկայումս Գերմանիայում գործում են զգալի թվով ահաբեկչական և զինված անջատողական խմբավորումներ,որոնց ձեռքերին Իրանի եւ Իրաքի խաղաղ բնակիչների արյունն է: Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրները երբեք չեն մոռանա Գերմանիայի գործունությունը, որն ուղղված է եղել պատերազմներ հրահրելուն և բռնապետներին աջակցելուն։

 

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը Բաղդադ կատարած այցի ընթացքում մեղադրել էր Իրանին՝ Իրաքի տարածքի նկատմամբ հրթիռային հարձակումներ իրականացնելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն