Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցել
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավիին՝ երկու երկրների պետական սահմանի վրա իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի կապակցությամբ։
«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26-ն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանից (Կովսական) մինչև Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորությամբ, իսկ որոշ դեպքերում՝ հենց պետական սահմանի վրայով»,- նշված է Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին մարտի 11-ին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն:
«Սահմանային գծով թռիչքները վտանգ են ներկայացնում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և ծառայում են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սրմանը։ Մենք խստորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար և կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից»,- նշված է հայտարարությունում։
Ավելացնել նոր մեկնաբանություն