Թուրքիան զենք արտահանող երկրների շարքում 12-րդն է
Թուրքիան 2018-2022 թվականներին աշխարհում զենքի արտահանման իր ծավալներով 12-րդ երկիրն է։
Այս մասին ասվում է Շվեդիայում գտնվող «Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտ» ուղեղային կենտրոնի (SIPRI) զեկույցում։
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զենքի համաշխարհային արտահանման մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 1․1 տոկոս։ Այդ ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման իր ծավալները 69%-ով։ Թուրքիայից զենքի արտահանման ցուցակում ծավալներով առաջին տեղում Կատարն է՝ մոտ 20%, այնուհետև ԱՄԷ-ն՝ 17% և Հորդանանը՝ 13%։
Զենքի ներկրման ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 19-րդ տեղն աշխարհում։ Առաջին տեղում է Հնդկաստանը, երկրորդ տեղում՝ Սաուդյան Արաբիան, իսկ եռյակը եզրափակում է Կատարը։ Ինչպես նշվում է զեկույցում, 2018-2022 թթ․ ընթացքում արտահանման ծավալները նախորդ տարիների համեմատ նվազել են 49%-ով։
2018-2022 թթ․ Թուրքիան ամենաշատ զենքն է արտահանել Կատար, որին բաժին է ընկել նշված ժամանակահատվածում Թուրքիայի սպառազինության ընդհանուր արտահանման 20%-ը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Արաբական Միացյալ Էմիրությունները (17%) և Օմանը (13%)։ 2018-2022 թվականներին Թուրքիան զենքի արտահանմամբ առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Լեհաստանը, Բելառուսը, Նորվեգիան և Հարավային Աֆրիկան։
Ըստ այդ զեկույցի՝ 2018-2022 թթ․ ԱՄՆ-ն 7 անգամ մեծացրել է արտահանման ծավալները՝ հասցնելով 40%-ի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան։
Նվազել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև զենքի առուվաճառքի ցուցանիշները, ինչն իր հերթին քաղաքական անհամաձայնությունների հետևանք է։ ԱՄՆ-ից զենք գնող երկրների ցուցակում Թուրքիան 7-րդից իջել է 27-րդ հորիզոնական։
Ավելացնել նոր մեկնաբանություն