Իրանը և Բելառուսը համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Թեհրան, որտեղ հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Թեհրանում Ռաիսիի և Լուկաշենկոյի բանակցությունների արդյունքում երկու երկրները ստորագրել են 2023-2026 թվականների համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզը։ Ճանապարհային քարտեզը նախանշում է Բելառուսի և Իրանի համապարփակ համագործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի, արվեստի, զբոսաշրջության ոլորտներում։
Բացի դրանից՝ կողմերը ստորագրել են նաև միջկառավարական համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր։ Ռաիսիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Լուկաշենկոն ասել է, որ Իրան կատարած իր այցի արդյունքում կնքվել են ընդհանուր 100 միլիոն դոլար արժողության պայմանագրեր։
Նշենք, որ Իրանի և Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն այս երկրներին դրդում են միմյանց հետ համագործակցության և հարաբերությունների ամրապնդման։ Նման համաձայնագրերի արդյունքում երկու երկրները փորձում են մեղմել կամ չեզոքացնել իրենց դեմ գործող պատժամիջոցների հետևանքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն