Submitted by detq-editor on
Աբու Դաբին պատրաստ է ընդլայնել երկկողմ հարաբերությունները Թեհրանի հետ

Աբու Դաբին պատրաստ է ընդլայնել երկկողմ հարաբերությունները Թեհրանի հետ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանը հայտարարել է, որ պաշտոնական Աբու Դաբին պատրաստ է բոլոր ոլորտներում ընդլայնել Թեհրանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին նա ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպմանը:

Ալ Նահյանը շեշտել է, որ ԱՄԷ-ն շահագրգռված է Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրացնել ամենաբարձր մակարդակի վրա և լուծել երկու երկրների միջև առկա որոշ տարաձայնությունները։ Նա իր խոսքում գոհունակություն է հայտնել Շամխանիի՝ ԱՄԷ կատարած այցի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը։

ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնության առթիվ՝ այն համարելով վճռական քայլ տարածաշրջանի երկրների մերձեցման գործում։

Ալի Շամխանին իր հերթին ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը և կարևորել վերջին տարիներին քաղաքական ու տնտեսական հարաբերությունների աճը։ «Իրանը և ԱՄԷ-ն կարող են մեծ քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման և հարևանության դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ»,- հայտարարել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն