Իրանը մշտապես աջակցում է Իրաքի կայունությանը
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալ Զադեն հայտարարել է, որ Իրանը մշտապես աջակցում է Իրաքի կայունությանը և զարգացմանը։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին նա ասել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Վահիդ Ջալալ Զադեն հիշեցրել է, որ Իրանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ նմանություններ, իսկ երկու երկրների միջև առկա են լավ և ցանկալի հարաբերություններ՝ չնայած վերջին տարիների վերելքներին ու վայրէջքներին։ Նա Իրանի կառավարությանը կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Իրաքին երկու երկրների միջև անվտանգության համաձայնագրի իրականացման համար։
Իրանցի պաշտոնյան կարևորել է, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը Քուրդիստանի տարածաշրջանում առավել արդյունավետ ներկայություն ունենա։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում, որ Քուրդիստանի իրադարձությունները ստվերեն այդ հարաբերությունները և չի ընդունում Իրաքի հետ իր սահմանին Իրանին թշնամաբար տրամադրված խմբավորումների որևէ ներկայություն»,- ասել է նա:
Վահիդ Ջալալ Զադեն նաև առաջադեմ քայլ է որակել Իրաքի օրենսդիրների ընդունած որոշումը, որը կոչ է անում ամերիկյան ուժերը դուրս բերել Իրաքի տարածքից։ Նա հույս է հայտնել, որ Իրաքի կառավարությունն ավելի լրջորեն հետամուտ կլինի դրա իրականացմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն