Submitted by detq-editor on
1

Պարսից ծոցի տարածաշրջանում համագործակցությունը պետք է փոխարինի թշնամանքին. Ալի Շամխանի

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում համագործակցությունն ու մերձեցումը պետք է փոխարինեն թշնամությանը։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին նա ասել է ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպմանը։

Շամխանին շեշտել է, որ Թեհրանի արտաքին քաղաքական անփոփոխ ռազմավարությունը միտված է հարևանների հետ համապարփակ, շարունակական և կառուցողական համագործակցությանը։ Նա Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների և անվստահության առկայությունը լուրջ խոչընդոտ է համարել տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։

Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ ընդգծել է, որ օտարերկրացիներին չպետք է թույլ տալ տարածաշրջանի երկրների միջև ապակառուցողական դեր խաղալ։ Վերջինս տարածաշրջանի բոլոր երկրներն անվանել է մեծ ընտանիքի անդամներ՝ նշելով, որ ընտանեկան վեճերը պետք է լուծվեն երկխոսության, բարի կամքի և հանդուրժողականության միջոցով։

Վերջինս հավելել է, որ հարևանների հետ տնտեսական, առևտրային և ներդրումային կարողությունների փոխանակումն Իսլամական Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է։ Նա միևնույն ժամանակ իր այցը երկու երկրների համար շրջադարձային կետ է համարել՝ հարաբերությունների նոր փուլ սկսելու տեսանկյունից։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն