Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագիրը քայլ է տարածաշրջանի զարգացման ուղղությամբ. իրանցի դիվանագետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի օգնական Ալիռեզա Էնայաթին հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանի զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Էնայաթին հայտնել է, որ սաուդյան կողմը բանակցությունների ընթացքում ցանկություն է հայտնել քննարկել նաև Եմենի հարցը։ Նա հիշեցրել է, որ Իրանը հստակ դիրքորոշում ունի Եմենի ճգնաժամի վերաբերյալ։ Պաշտոնյայի խոսքով՝ դա եմենցիների խնդիրն է, և նրանք պետք է որոշեն, թե ինչպես է անհրաժեշտ վարվել։
Դիվանագետը նշել է, որ առաջիկայում կկայանա Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների դեսպանների վերադարձի մանրամասները։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է հարևանների հետ հարաբերությունների զարգացման սկզբունքի վրա, որը մինչ այժմ հասել է որոշ ցանկալի արդյունքների։
Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համաձայնագրից Իսրայելի դժգոհության պատճառներին՝ Էնայաթին ասել է, որ Իսրայելը միշտ ձգտում է լարվածություն առաջացնել ու քաոս սերմանել տարածաշրջանում և չի հանդուրժում որևէ քայլ, որը միտված է տարածաշրջանային խաղաղությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն