Submitted by detq-editor on
1

2020 թվականին հնարավորություն կար ավելի շուտ հասնելու կրակի դադարեցմանը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ բոլորին է հայտնի, որ 2020 թվականին պատերազմը հնարավոր էր շատ ավելի շուտ դադարեցնել, քան դա տեղի ունեցավ (Արցախյան 44-օրյա – խմբ․)։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովի համոզմամբ՝ անհրաժեշտ է կողմերի հաշտեցման ուղիներ և շահերի հավասարակշռում փնտրել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, այդպես է վարվել, երբ 2020-ի նոյեմբերին դադարեցրել է պատերազմը։

Նա շեշտել է, որ հնարավորություն կար պատերազմն ավելի շուտ դադարեցնելու, սակայն Ռուսաստանի գլխավոր դիվանագետն այս հարցը թողել է պատմաբաններին։

«Չեմ ցանկանում խորանալ պատմության մեջ, բայց բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնելու կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է դա տեղի ունեցել»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կարևորել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իրեն հաջողվել էր 2020 թվականի հոկտեմբերի 19-20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել դադարեցնել պատերազմը, որի պարագայում Շուշի քաղաքը կմնար հայկական վերահսկողության տակ, իսկ ադրբեջանցի փախստականները հնարավորություն կունենային վերադառնալու քաղաք, սակայն Հայաստանի վարչապետը հրաժարվել էր այդ առաջարկն ընդունելուց։

Ավելացնել նոր մեկնաբանություն