«Մեզ հաջողվել է Իրաքի հետ հասնել ընդհանուր և արդյունավետ լուծումների». Ալի Շամխանի
Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանն Իրաքի կողմից իր պարտքը վճարելու համար նոր մեխանիզմներ է ստեղծել։ Այս մասին Շամխանին ասել է իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Շամխանին շեշտել է, որ երկու երկրներին հաջողվել է հասնել ընդհանուր և արդյունավետ լուծումների՝ երկկողմ համագործակցության համար առկա որոշ խոչընդոտների վերացման նպատակով։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ այցի ընթացքում մշակվել են նոր մեխանիզմներ, որպեսզի Իրաքում Իրանի ակտիվները հնարավոր լինի օգտագործել առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար։ Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել լուծել նաև իրանցի գործարարների արժութային խնդիրները, ինչն ԱՄԷ-ի իշխանությունների հետ կնքված համաձայնագրերի հետ մեկտեղ կբարելավի իրավիճակը երկրի արժութային շուկայում։
Շամխանին հավելել է նաև, որ երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել՝ դա համարելով շատ կարևոր իրադարձություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն