Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը նպաստում է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը. Ժոզեպ Բորել
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։
Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Բորելն ասել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Վերջերս մենք ականատես եղանք Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների կարգավորմանը, ինչը տարածաշրջանում ավելի մեծ կայունության կհանգեցնի»,- ասել է Բորելը։
Եվրոպացի պաշտոնյան միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը չի ազդի Իրանի միջուկային գործարքի վրա։ Նրա խոսքով՝ միջուկային գործարքը բոլորովին ուրիշ հարց է, որը վերահսկվում է այլ կառույցների կողմից։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Իրանը և Սաուդյան Արաբիան, Չինաստանի միջնորդությամբ, համաձայնության են եկել վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և բացել դեսպանատները։
Ավելացնել նոր մեկնաբանություն