«Մերձավոր Արևելքի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները բուն տարածաշրջանի ամրապնդման գործոն են»․ Էհսան Խանդուզի
Իրանը պատրաստ է վերսկսել տնտեսական հարաբերությունները Մերձավոր Արևելքի արաբական բոլոր երկրների հետ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրից հետո:
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին:
«Հիմնվելով հարևանության քաղաքականության վրա՝ մեր կառավարությունը լիովին պատրաստ է վերականգնել տնտեսական հարաբերությունները Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ և նրանց հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը դիտարկում է որպես տարածաշրջանի ամրապնդման գործոն։ Սաուդյան Արաբիայի նման երկրներն Իրանի հետ տնտեսական փոխգործակցության հնարավորություն կունենան»,- ասել է Խանդուզին։
Հիշեցնենք՝ Թեհրանն ու Էր Ռիադը մարտի 10-ին Պեկինի միջնորդությամբ համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, որի համաձայն՝ երկու ամսվա ընթացքում նախատեսվում է վերաբացել դեսպանատները: Համատեղ հայտարարությունը ստորագրվել է Պեկինում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարի և Սաուդյան Արաբիայի նրա գործընկերոջ միջև մի քանի օր տևած բանակցություններից հետո: Նշվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները մտադիր են հանդիպել համաձայնագրի իրականացման քննարկման համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն