Հայաստանի ԱԳ նախարարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Միրզոյանն ու Բաղերի Քանին այս համատեքստում կարևորել են քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը։
Հանդիպման օրակարգում են եղել նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, արծարծվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները:
Ավելի վաղ Ալի Բաղերի Քանին հանդիպում էր ունեցել նաև ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։ Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին:
Ավելացնել նոր մեկնաբանություն