Submitted by detq-editor on
Թեհրանը պատրաստ է նպաստել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը. Աբդոլլահիան

Թեհրանը պատրաստ է նպաստել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը դեմ է Ուկրաինայում պատերազմի շարունակմանը և ամեն ջանք կգործադրի՝ հակամարտության դադարեցմանը նպաստելու համար։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Աբդոլլահիանն ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը։ «Մենք դեմ ենք պատերազմի շարունակմանը։ Ըստ այդմ, մենք պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել՝ ճգնաժամի լուծումն արագացնելու համար»,- ասել է նա։

Անդրադառնալով Իրանի և Շվեյցարիայի լավ ու պատմական հարաբերություններին՝ իրանցի նախարարն առաջիկայում երկու երկրների համատեղ հանձնաժողովի երրորդ փուլն անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։

Իրանի գլխավոր դիվանագետը միևնույն ժամանակ տեղեկություններ է հայտնել Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։ Կասիսը դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնագիրը բնութագրել է որպես շրջադարձային կետ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։

Նա միևնույն ժամանակ ողջունել է Թեհրանի դիրքորոշումն Ուկրաինայում խաղաղության հասնելուն աջակցելու հարցում։

Ավելացնել նոր մեկնաբանություն