Ադրբեջանցի պատգամավորը հայ-իրանական բարեկամությունն իսլամական աշխարհի համար «ամոթալի տեսարան» է որակել
Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Վուգար Իսկանդերովը հայտարարել է, որ հայ-իրանական բարեկամական և եղբայրական հարաբերությունները «ամոթալի տեսարան» են իսլամական աշխարհի համար։ Այս մասին ադրբեջանցի պատգամավորն ասել է APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Իսկանդերովը նշել է, որ «պատմությունը չի մոռանա այս անարդարությունը, իսկ Իրանի ժողովուրդը պատմության այս էջը միշտ կհիշի որպես սև էջ»։ Նա ասել է, որ «Ադրբեջանն աշխարհի այն եզակի երկրներից է, որը միշտ աջակցել է խաղաղությանը»։
«Այսօր Ադրբեջանի կողմից իր իրավունքների պահանջը, ինչպես նաև պատմական տարածքները վերադարձնելն այնքան են վախեցրել Իրանին, որ այս երկրի ղեկավարությունը փորձում է խաթարել Ադրբեջանի ներքին կայունությունը՝ արտաքին քաղաքականությունը խաթարող գործունեությանը զուգահեռ։ Վերջին օրերին բացահայտված իրանական ցանցերը հերթական անգամ ցույց են տալիս, որ այս պետությունը հեռու է բարեկամական դիրքորոշումից»,- հայտարարել է նա։
Իսկանդերովը նաև անդրադարձել է Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերին, Իրանի կողմից Ադրբեջանի հետ փաստացի սահմանին անցկացվող զորավարժություններին, ինչպես նաև Ադրբեջանում ձերբակալված «իրանական լրտեսական ցանցին»։ Նա հավելել է, որ Ադրբեջանը երբեք չի խառնվել իր հարևանների ներքին գործերին և նախընտրել է ընկերական պայմաններում ապրել։
Ավելացնել նոր մեկնաբանություն