Սիրիայի հյուսիսում Թուրքիայի միակ նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է. Հուլուսի Աքար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի միակ նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Աքարն ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
Հուլուսի Աքարը շեշտել է, որ Սիրիայում Թուրքիայի գործողություններն ուղղված են իր սահմանների ու քաղաքացիների անվտանգության ապահովմանը և հետագա մարդկային ողբերգության կանխմանը։
Բացի դրանից՝ կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի փոխադրման մանրամասները։ Թուրք պաշտոնյան գոհունակություն է հայտնել հացահատիկային համաձայնագրի երկարաձգման հարցում կողմերի համագործակցության կապակցությամբ՝ նշելով բեռնափոխադրումներն անխափան շարունակելու կարևորությունը։
Հուլուսի Աքարի խոսքով՝ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում խաղաղության և մարդասիրական օգնության ապահովմանը, ինչպես դա արել է մինչ այժմ։
Թուրք նախարարը միևնույն ժամանակ երախտագիտություն է հայտնել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Ռուսաստանի ցուցաբերած աջակցության և համերաշխության համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն