Հուլուսի Աքարը հերքել է Սիրիայից ներգաղթյալների հոսքի ավելացման մասին պնդումները
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել է երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ֆոնին Սիրիայից ներգաղթյալների հոսքի ավելացման մասին պնդումները։ Ըստ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Աքարն այս մասին ասել է Ալեքսանդրետի նահանգ (Հաթայ - խմբ․) կատարած այցելության ժամանակ։
Թուրք պաշտոնյան շեշտել է, որ երկրաշարժերից հետո ավելի քան 60 հազար մարդ կամավոր հիմունքներով վերադարձել է Սիրիա, քանի որ Թուրքիայում կորցրել են իրենց տները կամ հարազատներին։ Աքարի խոսքով՝ թուրք զինվորականները վճռականորեն ճնշում են պետական սահմանն ապօրինի հատելու փորձերը։
Վերջինս նշել է, որ փախստականների հոսքի ավելացման վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Մենք ստուգել ենք սահմանագիծը, զրուցել ենք քաղաքացիական անձանց ու զինվորականների հետ, հանդիպումներ ենք անցկացրել։ Նրանք հանրությանը տեղեկացրել են, որ այս ամենը զրպարտություն է, իսկ իրականում ամեն ինչ լրիվ հակառակն է։ Երկրաշարժից հետո մոտ 60 հազար մարդ ինքնակամ վերադարձել է իր երկիր»,- ասել է նա։
Աքարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ միասին Ալեքսանդրետում այցելել է Քումլու բազա, որտեղից իրականացվում են «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների հրամանատարությունն ու Սիրիայի հյուսիսում վերահսկումը։ Նա այցելել է նաև թուրք-սիրիական սահմանի զրոյական կետ, ինչպես նաև Ռեյհանլի շրջանի Քավալջիկ գյուղի անցակետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն