Submitted by detq-editor on
5

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների լիարժեք վերականգնման գործընթացը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համաձայնագրերի լիարժեք կատարմանը վերաբերող հարցեր։

Հաղորդվում է, որ կողմերը խոսել են առաջիկա ամսվա ընթացքում հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։ Իրանի և Սաուդյան Արաբիայի գլխավոր դիվանագետների բանակցությունների առանցքում եղել է երկկողմ կապերի և հարաբերությունների լիարժեք վերականգնման կառուցողական գործընթացը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կողմերը համաձայնվել են հանդիպում կազմակերպել՝ դեսպանատների վերաբացման գործընթացը նախապատրաստելու համար: Ալ Սաուդը բանակցությունների ընթացքում բարձր է գնահատել Պեկինում արձանագրված դիվանագիտական ձեռքբերումները։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չինաստանի միջնորդությամբ կայացած ինտենսիվ բանակցություններից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնություն ձեռք բերեցին վերականգնել երկկողմ հարաբերությունները։ Կողմերի հարաբերությունները խզվել էին դեռևս 2016 թվականի հունվարին։

Ավելացնել նոր մեկնաբանություն