Submitted by detq-editor on
5

Չինաստանը կաջակցի Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև երկխոսությանը. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ չինական կողմը կաջակցի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հետագա երկխոսությանը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Չինաստանի նախագահը շեշտել է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում միասնության և համագործակցության ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ երկխոսության միջոցով հակասությունների կարգավորումը համապատասխանում է բոլոր պետությունների շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին:

«Հուսով ենք, որ Սաուդյան Արաբիան և Իրանը հավատարիմ կմնան բարիդրացիության ոգուն ու կշարունակեն բարելավել իրենց հարաբերությունները Պեկինում կայացած երկխոսության արդյունքների հիման վրա»,- նշել է Չինաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության են եկել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և երկու ամսվա ընթացքում դեսպանատների աշխատանքը վերսկսելու շուրջ։ Կողմերի հարաբերությունները խզվել էին 2016 թվականի հունվարին։

Ավելացնել նոր մեկնաբանություն