Ադրբեջանի պաշտպանության նախարարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
Ապրիլի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։
Զ. Հասանովը նշել է, որ կարճ ժամանակահատվածում իրականացված տեղային գործողությունները Ադրբեջանի բանակի բարձր մարտունակության ևս մեկ ցուցանիշ են։
Ընդգծել է, որ ոչ ոք չի կարող իրենց հետ խոսել սպառնալիքների լեզվով, իսկ ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանը աջակցող երկրների զինվորականների կողմից հնչեցված զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են:
Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ տվել է համապատասխան հանձնարարականներ «հնարավոր սադրանքները վճռականորեն կանխելու ուղղությամբ»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը ծառայողական խորհրդակցություններին անպայմանորեն անդրադառնում է «սադրանքները կանխելուն», սակայն սպառնալիք պարունակող հայտարարություններ է անում և ակնարկում հնարավոր ագրեսիայի մասին:
Նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել օկուպացված (խմբ.) տարածքներում, ինչպես նաև նոր զավթած (խմբ.) բարձունքներում և դիրքերում ինժեներական ապահովման միջոցառումների ավելի լավ իրականացման վերաբերյալ։
Ավելացնել նոր մեկնաբանություն