Submitted by detq-editor on
1

Զելենսկին ցանկանում է Սի Ծինփինի հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման չինական ծրագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և այդ նպատակով վերջինիս հրավիրել է Ուկրաինա։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին այս մասին ասել է AP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ նախքան ռուս-ուկրաինական պատերազմը շփումներ ունեցել է Չինաստանի նախագահի հետ, սակայն նախորդ մեկ տարվա ընթացքում որևէ շփում չի եղել։

Նշենք, որ «The Wall Street» պարբերականը հայտնել էր, որ Սի Ծինփինը Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո մտադիր է զրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։ Այս հայտարարությունից օրեր անց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Չինաստանի առաջնորդը պետք է խոսի նաև Վլադիմիր Զելենսկիի հետ։

Բացի դրանից՝ «Financial Times»-ը նույնպես հայտնել էր, որ ԵՄ-ն փորձում է համոզել Սի Ծինփինին բանակցել Ուկրաինայի նախագահի հետ։

Հիշեցնենք, որ Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմի քաղաքական կարգավորման վերաբերյալ 12-կետանոց առաջարկ է ներկայացրել։ Փաստաթուղթը հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, դրան աջակցություն է հայտնել նաև ռուսական կողմը։

Ավելացնել նոր մեկնաբանություն