Submitted by detq-editor on
2

Իրանը և Սաուդյան Արաբիան շարունակում են հարաբերությունների կարգավորման գործընթացը

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան շարունակում են հարաբերությունների կարգավորման գործընթացը, այս շրջանակում նախօրեին կայացել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հեռախոսազրույցը։ «Դետք»-ն այս մասին տեղեկանում է իրանական IRNA լրատվական գործակալությունից։

Հաղորդվում է, որ կողմերը համաձայնվել են առաջիկա օրերին հանդիպել։ Հեռախոսազրույցի ընթացքում Աբդոլլահիանն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների հարաբերություններում առկա դրական միտումի կապակցությամբ ու ընդգծել Թեհրանի վճռականությունն իր բարիդրացիական քաղաքականությունն ընդլայնելու և զարգացնելու հարցում։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև վերջերս ձեռք բերված համաձայնագրի իրականացման հարցերը։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է երկու երկրների պաշտոնյաների մշտական շփումների և հանդիպումների անհրաժեշտությունը՝ դրական և գոհացուցիչ անվանելով երկու երկրների կողմից ձեռնարկվող քայլերի ընթացքը։

Հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանի արտգործնախարարն ասել էր, որ ինքը և իր սաուդցի գործընկերը պատրաստվում են խորհրդակցել և առաջիկա 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույց ունենալ։ Աբդոլլահիանը հայտնել է, որ այս պահին ընթանում են վերջնական քննարկումները բանակցությունների վայրի և ժամկետների շուրջ, սակայն սաուդական կողմն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին Չինաստանի միջնորդությամբ համաձայնության էին եկել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և դեսպանատների աշխատանքը երկու ամսվա ընթացքում վերսկսելու վերաբերյալ։ Կողմերի հարաբերությունները խզվել էին դեռևս 2016 թվականի հունվարին։

Ավելացնել նոր մեկնաբանություն